Քայլ առ քայլ մեր երկրի շուրջ հասունանում է միջազգային մեկ այլ ծանրակշիռ պրոբլեմ. Սամվել Ֆարմանյան

Քայլ առ քայլ մեր երկրի շուրջ հասունանում է միջազգային մեկ այլ ծանրակշիռ պրոբլեմ. Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քայլ առ քայլ հասունանում է մեկ այլ ծանրակշիռ պրոբլեմ. միջազգային հանրության ընկալումներում Հայաստանը սկսում է պատկերվել այնպես, ինչպես Ադրբեջանը՝ պետություն, որը պատերազմ է հայտարարել ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը։

2018 թ. ԵԽ֊ի խորհրդարանական վեհաժողովում օրակարգային հարց էր դառնում Հայաստանի Հանրապետության՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակից անցումը հետմոնիտորինգային երկրի կարգավիճակի։ Այս փաստն արձանագրված է ինչպես ԵԽԽՎ հայաստանյան բազմակուսակցական պատվիրակության, այնպես էլ մեր ԱԳՆ-ի և Ստրասբուրգում մեր դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքային փաստաթղթերում։

Նաև ԵԽԽՎ֊ի Հայաստանի հարցով համազեկուցողների, բյուրոյի ու ԵԽԽՎ այլ կառռւյցների հանդիպումների արձանագրություններում ու փաստաթղթերում։ Թեմայով հետաքրքրվող լրագրողները այս փաստը կարող են ճշտել հաշված ժամերի ընթացքում։

Ուստի, եթե Հայաստանի Հանրապետությունը նկատելի առաջընթաց գրանցած լիներ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով, իսկ Հայաստանը դարձած լիներ համաշխարհային ժողովրդավարության բաստիոն, ինչպես ժամանակին պնդում էր Նիկոլ Փաշինյանը, ապա այդ իրողությունը նախևառաջ իր դրսևորումը պիտի ստացած լիներ հենց այս հարցում՝ ԵԽ-ը Հայաստանին պիտի շնորհած լիներ «հետմոնիտորինգային երկրի» կարգավիճակ։ Հավատացնում եմ, որ այս հարցում ու չի կարող լինել ավելի անաչառ ու ավելի ծանրակշիռ չափորոշիչ, քան վկայաբերվածն է։

Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ իրականում։ Եվրոպայի խոշորագույն քաղաքական ընտանիքները մեկը մյուսի հետևից իրենց վրդովմունքն են արտահայտում մեր երկրում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ՝ մատնանշելով հենց ժողովրդավարության նահանջը։

Երեկ դա EPP-ն ու ECR-ն էին։ Վաղը կլինեն մյուսները։ Հաշվի առնելով ընթացիկ զարգացումները, նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կուսակցություններ փակելու, այլ ազատությունները սահմանափակելու ուղղություններով, միանգամայն սպասելի է, որ շուտով ԵԽ-ում ու միջազգային այլ կառույցներում Հայաստանը կսկսի ունենալ ճիշտ այն նույն արատավոր ընկալումը, ինչ արդեն տասնամյակներ շարունակ ունի մեր արևելյան հարևան Ադրբեջանը։

Միայն թե մենք չունենք նավթ ու Ադրբեջանի չափ փող, որ գոնե այդ կերպ փորձենք մեր ճակատից սրբել այդ անպատվաբեր ու վնասարար խարանը։

Ասածս ի՞նչ է։ Քայլ առ քայլ մեր երկրի շուրջ հասունանում է միջազգային մեկ այլ ծանրակշիռ պրոբլեմ։ Դա մեր երկրի՝ ժողովրդավարական և միջազգային հեղինակության սասանումն է։ Պրոբլեմ, որի հաղթահարման համար ապագայում մեծ ջանքեր ու միջոցներ են պահանջվելու»: