Քաղաքացիական հագուստով 5 ոստիկան ինձ բերման էին ենթարկել՝ առանց պարզաբանման

Քաղաքացիական հագուստով 5 ոստիկան ինձ բերման էին ենթարկել՝ առանց պարզաբանման

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանում օրինականությունը կհաստատվի այն ժամանակ, երբ երկրի ամենակարևոր կառույցներից մեկը՝ ՀՀ ոստիկանությունը կսկսի գործել օրինական դաշտում։ 2021թ․-ի ապրիլի 28-ին, ժամը 22։22-ի սահմաններում քաղաքացիական հագուստով ոմն 5 ոստիկաններ ինձ բերման են ենթարկում խանութից դուրս գալիս՝ սննդի տոպրակը ձեռքիս։

Ներկայանում են որպես քրեական հետախուզման բաժնի աշխատակիցներ։ Հարցիս, թե ինչ կարգավիճակով են ինձ բերման ենթարկում, պատասխանում են, որ քրեական հետախուզության մեջ գտնվող կասկածյալ եմ, բառիս բուն իմաստով ընկնում են թևերս և քայլեցնում մինչև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք։

Կոմիտասի 62 հասցեից մինչև բաժանմունք ինձ տանում են ձեռքերս ընկած, կարծես բերման են ենթարկում քրեական աշխարհի այնպիսի մի հզոր դեմքի, որի համար իրենց շքանշաններով են պարգևատրելու։

Քայլեցնելու ընթացքում ինձ զանգեր են գալիս, որոնցից մեկին պատասխանում եմ, որպեսզի հայտնեմ, թե ինձ հետ ինչ է կատարվում։ Զանգին պատասխանելու ընթացքում ինձ ասում են․ «Անջատի՛ հեռախոսը»։

կարմիր բերետ

Բաժանմունքում ինձ չեն ներկայացնում իմ իրավունքներն ու պարտականությունները, փաստացի զրկում են զանգ կատարելու իմ իրավունքից, այս սենյակից այն սենյակ են տեղափոխում, որից հետո բաժանմունքի պետը արտաբերում է հետևյալը․ «Գողցող ա՞, բայց հլա արտաքինին նայեք․ սենց գողցող որտե՞ղ եք տեսել։ Երբևիցե դատվածություն ունեցել ե՞ս, կամ ոստիկանությունում եղել ե՞ս»։

Պատասխանեցի, որ երբեք չեմ եղել, առավել ևս այս կարգավիճակով։ Շարունակեց․ «Կներես, հեսա մի երկու բան լրացնեն ու ազատ ես»։ Այնուհետև հրավիրեցին այլ սենյակ, որտեղ միայն հասկացա, որ ինձ բաժին են բերել որպես ընթերակայի, քանի որ իմ ներկայությամբ սկսեցին խուզարկել այլ անձի։

Բարեբախտաբար, տեղյակ լինելով օրենքներից և ոստիկանության գործառույթներից, իրավագիտակցությունս ինձ ներեց կռահել իմ կարգավիճակի մասին այդ սենյակում։ Սթրեսի ու անորոշության պայմաններում համաձայնեցի ստորագրել ընթերակայի փաստաթուղթը՝ ինքս չհասկանալով, թե ինչու։

Չնայած գիտեմ, թե ինչու․ վախ կար առ այն, որ իրենց անօրինական պահանջը չկատարելու դեպքում միգուցե ինչ-որ բան իմ գլխին «սարքեին»։ Փաստաթուղթը ստորագրելուց հետո, 00։11-ի սահմաններում, ինձ «բաց թողեցին»։

Հ․Գ․ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր երկրում մենք չունենք օրինականորեն գործող և քաղաքացու շահերից և իրավունքներից բխող պաշտպանության համակարգ, փոխարենը ունենք մարդկանց հիվանդանոցների դռները հասցնող մի անհասկանալի կառույցների բույլ, որը կոչվում է «պաշտպանության համակարգ»։