Քաղաքապետարանում լարված ու ճամպրուկային մթնոլորտ է․ «Հրապարակ»

Քաղաքապետարանում լարված ու ճամպրուկային մթնոլորտ է

Hraparak.am-ը գրում է․ Երեւանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքապետարանում լարված ու սպասողական վիճակ է։ «Վերեւից» հրահանգ է իջել՝ քաղաքապետարանը «մաքրել» Մարությանի կադրերից, ջնջել նրա հետքերը, բառի բուն իմաստով՝ կադրային ջարդ իրականացնել։

Իշխանությունը շատ ծանր է տարել նրա հրաժեշտի ելույթը եւ հասկացել, որ Մարությանն ավելի ծանր հարված հասցրեց իրենց, քան բոլոր նախորդ ազատվածները։ Վերջինս ամենաբարձր պաշտոնյան էր նրանց մեջ, ամենաերկարն է դիմացել, ամենից տեղեկացված անձանցից է եւ, թերեւս, ավելի բարձր հեղինակություն ունի, քան նախորդ հեռացածները։

Եվ այսպես․ Երեւանի քաղաքապետարանում սկսվել են ստալինյան «չիստկաները»՝ զտումներ։ Մարությանի ամենամերձավոր կադրերը նրա հեռանալուց հինգ րոպե անց սեփական նախաձեռնությամբ ազատման դիմումներ են գրել՝ թերեւս վախենալով, որ իշխանությունն իրենցից կազատվի իր որդեգրած հին ու բարի ճանապարհով, նաեւ քրեական գործեր կհարուցվեն, կհայտնվեն իշխանության թիրախում եւ այլն։

Առաջին ծիծեռնակներից մեկը քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն է, որը Մարությանին անվստահություն հայտնելուց րոպեներ անց Ֆեյսբուքում հրապարակեց իր հեռանալու մասին լուրը, ինչը լրատվական դաշտում բավականին մեծ ցնծությամբ ընդունվեց, քանզի նա ամենավատ աշխատող խոսնակներից էր եւ հայտնի էր իր անզուսպ բառապաշարով ու անկախ լրագրողներին եւ լրատվամիջոցներին թիրախավորելու սովորույթով։

քաղաքապետարան

Սակայն քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Հովսեփ Կուբատյանը, ով Մարությանի մտերիմներից է, դեռեւս հապաղում է։ Նա այնքան չի ասոցացվում Մարությանի հետ, որքան Կարապետյանը, ուստի կարող է հույս ունենալ, որ կմնա եւ կշարունակի աշխատել։

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին հեղափոխական արժեքներից հեռանալու մեջ մեղադրող Մարությանը 2018-ից ի վեր Երեւանի քաղաքապետարանում ամենաբարձր եւ յուղոտ պաշտոններին էր տեղավորել իր մտերիմներին, մանկության ընկերներին, նույնիսկ մարդկանց, որոնց հետ ժամանակին համագործակցել է շոու-բիզնեսում։ Ավագանու նիստում ՔՊ խմբակցության ղեկավարը հաստատում էր տարիներ շարունակ մեր գրած տեղեկությունները, որոնք ժամանակին հերքում էին։ Օրինակ այն, որ նա տան «պրարաբին» է պաշտոնի նշանակել, կամ Մարությանի կինը մեծ ազդեցություն ունի որոշումների կայացման վրա եւ անգամ երբեմն աշխատանքային խորհրդակցությունների է մասնակցում։

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը, օրինակ, քաղաքապետ Մարությանի մտերիմ ընկերն է, հանրահայտ «Սուպեր մամա-2» ֆիլմի պրոդյուսերը։ Նա ավագանու անդամ է դարձել «Իմ քայլի» ցուցակով։

Երեկվա դրությամբ փոխքաղաքապետը դեռ իր «տեղում» էր, նա չի շտապում ինքնակամ լքել քաղաքապետարանը, իշխանությունը, ըստ էության, թանկ է ընկերությունից։ Թեեւ շատերը սպասում էին, որ առաջին հեռացողներից մեկը նա է լինելու։

Երեկ տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, ով, Գալջյանի ասած՝ Հյուսիսային պողոտայում Մարությանի բնակարանի վերանորոգման աշխատանքների «պրարաբն» է եղել։ Հարությունյանը քաղաքապետարանում աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, որտեղ մինչ այդ աշխատել է որպես հիմնական միջոցների շինարարության, վերանորոգման եւ վերակառուցման կազմակերպման գլխավոր մասնագետ:

Վերջինիս ազգական Կարեն Հարությունյանը, որն արդեն նախկին քաղաքապետ Մարությանի օգնականն է, եւս ճամպրուկային տրամադրությունների մեջ է։
Մարությանի ընկերն է նաեւ քաղաքապետի խորհրդական, Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնակատար Դավիթ Ճգնավորյանը։ Մյուս ընկերները՝ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, ովքեր Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռեւս 2019-ին են աշխատանքի անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում