Մամուլ

«Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ մահացած տղայի ընկերը մանրամասնում է

Երեկ՝ հունիսի 11-ին, Լանջազատ գյուղում գտնվող Ազատի ջրամբարում քաղաքացու ջրահեղձ լինելու ողբերգական դեպքի պատմությունը ցնցող տպավորություն է թողել։

Oragir.News-ը կապ հաստատեց Լանջազատ գյուղի վարչական ղեկավար Աշոտ Պետրոսյանի հետ, ով դեպքի վայրում ներկա է եղել։ Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեք ընկերները քույրերի հետ միասին եկել էին Լանջազատ գյուղ՝ լավ ժամանակ անցկացնելու։

«Դեպքը տեղի է ունեցել Ազատի ջրամբարում, եղել են երեք ընկեր իրենց քույրիկների հետ։ Անմիջապես ջրահեղձ լինողը իր քույրիկի հետ էր։ Երեք ընկեր ուզեցել են մտնեն լողանան, եկել էին լավ օր անցկացնելու։ Խեղդվողը լողալ չի իմացել։

Իր ընկերները քննչականին էլ հաղորդագրություն տվեցին։ Երկուսը մտել են, ինքն էլ է մտել, ասել է՝ լավ, ես էս ափամերձ հատվածում կլողանամ։ Ջրահեղձ է եղել ափից 4-5 մետր հեռավորության վրա։ Իր ընկերները լողալիս են եղել, ով մոտիկ է եղել, փորձել է նաև օգնել։ «Փորձեցի, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»,- ասել է ընկերը։ Ձեռքը թողել, մի կերպ դուրս է եկել, չի հաջողվել ընկերոջը փրկել»,- պատմեց վարչական ղեկավարը։

azati jrambar

Նրա խոսքով՝ ընկերների և քրոջ վիճակը հոգեբանորեն այժմ շատ ծանր է․

«Քույրը շատ էր ցանկանում մոտենալ, և ոստիկանությունը թույլ տվեց։ Մոտեցավ, նստեց կողքին, ձեռքը բռնեց։ Դաժան տեսարան էր»,- հավելեց նա։

Զրույցի ընթացքում նաև պարզ դարձավ, որ ջևահեղձ եղած երիտասարդը 2002 թվականի ծնված է եղել, 22 տարեկան։ Մահացածը, քույրը և ընկերները Լանջազատ գյուղի բնակիչ չեն եղել, եկել էին լավ ժամանակ անցկացնելու։ Ջրահեղձ եղած երիտասարդը Նոր Նորքի Մոլդովական փողոցի բնակիչ է եղել։

Կիսվել էջում