Փորձագետները՝ Պեմզաշենում տեղի ունեցած սպանության մասին (Տեսանյութ)

Փորձագետները՝ Պեմզաշենում տեղի ունեցած սպանության մասին (Տեսանյութ)

Aravot.am-ը գրում է․ Մինչ կնշանակվեր դատահոգեբուժական փորձաքննություն եւ այն պայմաններում, երբ դեռ չկա դրա եզրակացությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն իսկ Պեմզաշեն գյուղում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի սպանության մեջ կասկածվող Շիրակի մարզի 32-ամյա բնակչի հոգեկան հիվանդ լինելը որպես հաստատված հանգամանք էր նշել, թե նա տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ։

«Սա ի՞նչ դիագնոզ է,–տարակուսեց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը։

–Այս պահին հիվանդությունների միջազգային դասակարգիչն ընդհանրապես չունի նման հիվանդություն։ Սա անհասկանալի դիագնոզ է»։ Բայց սա երկրորդական համարելով՝ կարեւորեց հետեւյալը, որ հատկապես պետական մարմինները չտարածեն մարդկանց իրավունքները ոտնահարող անձնական տեղեկատվություն․

«Չի կարելի հրապարակել մարդու բժշկական դիագնոզը»։ Մտահոգություն կա, թե կարող են հիմքեր ստեղծվել նման ծանր հանցագործության մեջ մեղադրվողին անմեղսունակ հռչակելու համար՝ այս դիտարկմանն ի պատասխան, հաղորդման մյուս հյուրը՝ «Ուղեկից» կենտրոնի հիմնադիր, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի նախկին պետ, դատական հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանը մասնավորապես ասաց․

«Քանի դեռ նախաքննությունն ընթացքի մեջ է ու քանի դեռ տեղեկությունների հավաքագրումն ամբողջական բնույթ չի կրում՝ որեւէ մասնագետ, նույնիսկ շատ փորձառու եւ բանիմաց՝ որեւէ իրավասություն չունի, առանց ծանոթանալու տեղեկություններին, առանց գործի էությանը լիարժեք տեղեկացված լինելու՝ գնահատականներ տալ եւ այդ գնահատականներով եւս ավելի սրել այս համատարած էմոցիոնալ անկայուն իրավիճակը»։

Նաեւ հավելեց, թե ախտորոշումը ենթակա է հաստատման կամ հերքման հոգեբուժական փորձաքննության շրջանակներում․

«Տվյալ պարագայում իհարկե, հիմք ընդունվում են նախկինում հոգեբուժական, նարկոլոգիական հաստատություններում հաշվառված լինել–չլինելու վերաբերյալ փաստերը։ Այդ բոլոր գործոնները, կարծում եմ, դեռեւս համադրման փուլում են»։

Մանրամասները՝ Aravot.am-ի տեսանյութում