Փոխարենն առաջ գնանք, հետ ենք գնում, էս ի՞նչ բան ա. Փաշինյանը բարկացավ Բաթոյանի վրա

Փոխարենն առաջ գնանք, հետ ենք գնում, էս ի՞նչ բան ա․․․ Կառավարության հերթական նիստում այսօր քննարկվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագիծը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին հարցը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի ժամկետով՝ օրենքով գործող մեկ տարվա փոխարեն:

Ըստ նախարարի՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ ստացող կենսաթոշակառուի տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալու և ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու մասին դրույթները, նաև ուժը կորցրած ճանաչել 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, գործարկել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստերի գրանցման համակարգը, և օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժի մեջ գտնվող լիազորագրերն ավտոմատ կերպով համարել 15 տարի ժամկետով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, դուր չեկավ Բաթոյանի այն առաջարկով, որով վերացվում է կենսաթոշակառուի՝ բանկ այցելելու դրույթը: 

«Ես լավ չեմ հասկանում այն նախագծերը, որոնք մեզ առաջարկում են ետ գնալ: Այս իրավիճակն ինչի՞ց է առաջացել: Առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարավոր թոշակառուներ կան, որ գոյություն չունեն, բայց նրանք թոշակ են ստանում, և դրա արդյունքում պետությանը միլիարդների վնաս է պատճառվել: Հիմա մենք առաջարկում ենք, որ սողանցքնե՞ր ստեղծել, որ էլի՞ նույն բանը տեղի ունենա, սա անհասկանալի տրամաբանություն է։

Սա վատ սովորություն է, ես նկատի չունեմ ընդդիմության առաջարկը: Փաստորեն, ձեզ մոտ էլ է դա քննարկվում, ես ասում եմ, որ դա չպետք է քննարկվի, պետք է քննարկվի առաջ գնալու տարբերակով, ոչ թե նոր սողանցքներ բացենք: Մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ: Փոխանակ մենք այնպես անենք, որ գոյություն չունեցող նպաստառուներ գոյություն չունենան, ասում ենք՝ միջանցք բացենք, որ ունենան, դա բացարձակ անընդունելի բան է»,- ասաց նա:

Նախարար Բաթոյանն էլ արձագանքեց, թե այստեղ խոսքը բացառիկ դեպքերի մասին է: Ինչին ի պատասխան վարչապետն ասաց. 

«Նախկին մեխանիզմներն էլ են նույն մարդիկ ստեղծել, ովքեր իրավասություն են ունեցել հավաստագրելու մարդը կա՞, թե՞ չկա: Այսօր 21-րդ դարն է, ամիսը մեկ անգամ պետք է զանգի «Սկայպ»–ով, խոսի թոշակառուն: Այսինքն՝ փոխանակ առաջ գնանք, տեխնոլոգիաներն օգտագործենք, հետ ենք գնում: Փոխանակ ամեն ինչ անենք, որ շուտ հասնենք 2030 թվականին, ամեն ինչ անում ենք. որ հայտնվենք 1997 թիվ, սա ի՞նչ բան է»:

Այսպիսով՝ կառավարությունը մերժեց առաջարկը։