Փաշինյանի սպառիչ և դիպուկ պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին

Փաշինյանի սպառիչ և դիպուկ պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին։ Սանկտ Պետերբուրգում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի ադրբեջանցի լրագրող հետևյալ հարցը ուղղեց․

«Հայաստանը վերջերս խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին կառուցողական մոտեցումից, բայց չնայած դրան՝ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունների ընթացքում մարդիկ են մեռնում տարածաշրջանում: Խոսքս վերաբերվում է վերջերս հայ դիպուկահարի կրակոցից մահացած զինվորին։ Ինչպես կարող եք մեկնաբանել իրավիճակը: Մի կողմից կառուցողականություն եք նշում, մյուս կողմից մարդիկ են զոհվում»։

Նաև հարցրեց, թե երբ հայկական զինուժը կլքի «իրենց» տարածքները, ապա անդրադարձավ Հենրիխ Մխիթարյանին՝ նշեց, որ նույնիսկ իրենց նախարարը պաշտոնապես հայտարարությամբ հանդես եկավ, որ ֆուտբոլիստի անվտանգությունը կապահովեն, սակայն Մխիթարյանը չայցելեց Բաքու:

Փաշինյանը հետևյալ պատասխանը տվեց ադրբեջանցի լրագրոցին. «Համացանցում կար տեսանյութ, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում երկրպագուներին, որոնք կրում էին Հենրիխ Մխիթարյանի անունով շապիկ: Պատկերացրեք, որ տվյալ դեպքում ընդամենը երկրպագուների մասին է խոսքը, եթե նրանք կրում են Մխիթարյանի անունով շապիկ, հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Դեպքեր են եղել, որ ՌԴ քաղաքացին՝ ծագումով հայ, ցանկանում էր այցելել Բաքու, բայց թույլտվություն չստացավ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Դա շատ վատ նշան է, իսկ Հայաստանում նման բան չկա:

Ինչ վերաբերում է զոհերին, Դուք խոսեցիք զոհված զինվորի մասին: Իրականում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են մայորի մահվան մասին: Մենք վերստուգել ենք այդ տեղեկատվությունը, նաեւ ուղարկվել է համանախագահներին: Այդ օրը անգամ մեկ կրակոց հայկական կողմից չի եղել:

Մենք ստուգել ենք զենքերը զինվորների, որոնք այդ օրը այդ տարածքում ծառայության են եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նույնպես հաստատել են, որ այդ օրը որեւէ կրակոց չի եղել, անգամ կա տեսանյութ, որ ապացուցում է, ինչը մենք փոխանցել ենք համանախագահներին եւ ադրբեջանական կողմին։

Չնայած դրան, հաջորդ օրը ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներից մեկը սպանվել էր ադրբեջանական դիպուկահարների կողմից: Ճշմարտությունն այն է, որ դժբախտաբար Դուշանբեում ձեռք բերված համաձայնությունից հետո նույնիսկ առաջին զոհերը արդեն կան: Ես համաձայն եմ, որ նման միջադեպերը բացասաբար են ազդում ընդհանուր իրավիճակի վրա: Անհարժեշտ է ստեղծել շատ հստակ մեխանիզմ, որը կհետաքննի միջադեպերը։

Ինչ վերաբերում է երրորդ հարցին, ես այս մասին խոսել եմ ԵԽ հանդիպմանը. Ադրբեջանում շատ են ասում, որ Լեռնային Ղարաբաղը օկուպացված է: Ինչպես կարող է օկուպացնել ինչ-որ տարածք մարդկանց կողմից, որոնք այդտեղ ծնվել են, նրանց պապերը, պապերի պապերն այդտեղ ծնվել եւ ապրել են դարերով:

Բոլորս էլ գիտենք, որ երբ սկսվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանը մի քանի անգամ հայտարարեց, որ երաշխավորում է ԼՂ-ի անվտանգությունը, որովհետեւ դժբախտաբար, եթե այդ անվտանգության երաշխիքը չտրվեր, ապա որեւէ այլ երաշխիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին չէր տրվի» ,- պատասխանը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: