Փաշինյա՛ն Նիկոլ, դո՛ւրս եկ փողոց, մեզ զուգահեռ միտինգ կազմակերպի՛ր և տե՛ս՝ ում է իրականում աջակցում Հայ Ժողովուրդը

Փաշինյա՛ն Նիկոլ, դո՛ւրս եկ փողոց, մեզ զուգահեռ միտինգ կազմակերպի՛ր և տե՛ս՝ ում է իրականում աջակցում Հայ Ժողովուրդը

Փաշինյա՛ն Նիկոլ, մեկ շաբաթ առաջ հայտարարել ես. «Հայաստանում Արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում, օրինակ, կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության կապակցությամբ»:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պաշտոնական նամակով դիմել է Մասիսի քաղաքապետարան և իրազեկել սույն թվականի հուլիսի 19-ին  Մասիսի Կենտրոնական հրապարակում հավաք (միտինգ) կազմակերպելու մասին, որը Մասիսի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:

Տեղեկացնում եմ, որ «Հայոց Արծիվների» կողմից կազմակերպվելիք բազմահազարանոց հավաքն (միտինգը) ընդամենը մեկ օրակարգ-կարգախոս ունի՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»՝ փրկելով Հայաստանը կործանումից:  

Փաշինյա՛ն Նիկոլ, եթե այդքան  վստահ ես, որ Հայաստանում դեռևս կան, այսպես կոչված, թավշյա հեղափոխության կողմնակիցներ, և, եթե դու այսուհետ  ընդունակ ես զանգվածային հավաքներ կազմակերպել, ուրեմն, պահանջո՛ւմ ենք, որպեսզի հուլիսի 13-ից հետո չերկարաձգես անիմաստ դարձած Արտակարգ դրության ռեժիմը և, զուգահեռ մեր կազմակերպելիք հավաքին (միտինգին), կազմակերպես  հավաք (միտինգ)՝ Հայաստանի ցանկացած քաղաքում և հրապարակում:

 Եվ թող Հայ Ժողովուրդն իր մասնակցությամբ ցույց տա, թե ում է իրականում աջակցում, ումից է հիասթափվել և ումից է ուզում շուտափույթ  ազատվել:

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ  Ասրյան