Մամուլ

Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի այն հայտարարությունը, թե իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։

«Ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատավորը՝ նշելով, որ այդ հարցը բարձրացվել է դեռևս 2018թ. հոկտեմբերին։

«Եթե հանձնաժողովի արտահերթ նիստ էիք գումարում , այն ժամանակ հրավիրեիք, ինչո՞ւ հիմա խառնվեցիք իրար»,- ասաց նա։

Ազարյանը պարզաբանեց, որ ինքն ու Վազգեն Ռշտունին նույն գիտական ղեկավարն են ունեցել, և իրավունքի տեսության վերաբերյալ իրենց ատենախոսություններում հնարավոր է որոշ կրկնություններ եղած լինեն։

«Իմ կարծիքով, եթե ղեկավարը նույնն է, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է պետության և իրավունքի տեսությանը, նորմալ է, որ կարող են մի քանի տասնյակ էջեր համընկնել, բայց կարող էին չէ՞ գիտական ղեկավարից ճշտել, թե ով է ումից արտագրել կամ արդյոք արտագրություն եղել է, ինչո՞ւ են ամբողջ հարցերն ինձ ուղղում, ինչո՞ւ են բոլորը եզրահանգել, որ արտագրություն է եղել, միգուցե այդ հարցը տան այն գիտնականներին, որոնք այդ հարցով են զբաղվում։

Միգուցե վերցնեն՝ համեմատեն նույն գիտական ղեկավարի մոտ անցած մի քանի այլ թեկնածուների աշխատանքների հետ, ես համոզված եմ որ կրկնություններ, «արտագրություններ» կլինեն, մանավանդ տեսության ոլորտում։ Միգուցե իրենք փորձագետներին դիմեն, ոչ թե Ազգային ժողովի երեկվա, շատ կներեք, երեխաները որոշեն՝ ես արտագրել եմ կամ չեմ արտագրել»,– ասաց Ազարյանը։

Անդրադառնալով ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստում ենթադրյալ գրագողության փաստը քննարկելու նախաձեռնությանը՝ Վերաքննիչի դատավորն ասաց.

«Ինձ թվում է արդեն բոլորին պարզ է. հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել։ Իմ խորին համոզմամբ՝ բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում»։

Կիսվեք էջում