Ժամանց

«Ցանկությունս մեծ է հայ աղջիկներին սովորեցնել ազատ ու անկաշկանդ լինել». Մարի Հունանյան

Tert.am Life-ը գրում է․ Մարի Հունանյանն առաջինն էր, ով Հայաստանում տարածեց ու զարգացրեց պարի այս տեսակը, երբ հասկացավ, որ պարը ոչ միայն օգնում է ավելի ազատ ու վստահ լինել, այլ նաև օգնում է գտնել քո թաքնված կողմերը։

-Դուք Հայաստանում HighHeels-ի հիմադիրն եք, չափազանց բարդ ու պատասխանատու որոշում, ինչպե՞ս գնացիք դրան, հաշվի առնելով նաև, որ Հայաստանում քննադատվելու հավանականությունը մեծ էր:

-Նախ, ուզում եմ նշել, որ դեռ 15 տարեկանից երազել եմ HighHeels-ին տիրապետել։ Այդ մտքին եկա այն ժամանակ, երբ սկսեցի նկատել, որ հայ կանայք կարծես թե շատ փակ են ու կաշկանդված, կարծես անվստահ են քայլում բարձրակրունք կոշիկներով և առահասարակ կեցվածքի ու ազատ շարժվելու խնդիր ունեն։ Դրանից հետո ցանկություն առաջացավ սովորել և նույնիսկ դասավանդել HighHeels Հայաստանում։

Նպատակս սկբիզ հենց այդպիսի կանանց օգնելն էր, որպեսզի նրանք ավելի ազատ զգան իրենց, զգան իրենց մարմնի գեղեցկությունն ու յուրահատկությունը։ Ընթացքում հասկացա, որ HighHeels-ը ինձ համար դարձավ ավելի քան ուղղակի պար։ Հասկացա, որ պարը ոչ միայն օգնում է ավելի ազատ ու վստահ լինել, այլ նաև օգնում է գտնել քո թաքնված կողմերը։ Պարելուց հասկանում ես , թե ինչքան տարբեր դու կարող ես լինել։

mari 2

 -Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ծնողները, հարազատները ու նաև շրջապատը:

-Իմ ուժը, վստահությունն ու հավատը եղել է մայրս, ով օգնել է գնալ երազանքիս հետևից անկախ նրանից կստացվի ինձ մոտ, թե ոչ: Ընկերուհիներս էլ են ինձ հուսադրել, և վստահ են եղել, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի: Ընտանիքում եղել են մարդիկ, ովքեր դեմ էին պարի հենց այս տեսակին, բայց 2 տարի անց ամեն ինչ իր տեղն է ընկել:

-Ինչպե՞ս ընդունվեց Հայաստանում: Արդյոք եղան քննադատություններ, ինչ արձագանքներ էիք լսում և՛ լավ, և՛ վատ: Հոգեբանորեն ինչպե՞ս կարողացաք հաղթահարել:

-Հայաստանում շատ դրական է ընդունվել, եթե համեմատեմ լավ և վատ մեկնաբանությունները, 80 տոկոսը դրական էին: Եղել են նաև վատ մեկնաբանություններ սոցհարթակներում, բայց՝ չնչին: Դրանք եղել են տղամարդկանց կողմից, ոչ թե կանանց: Բայց դա ինձ չի հիասթափեցրել, որովհետև ես գիտեմ, թե ինչ եմ մատուցում, և ինչպես եմ մատուցում:

-Դուք մասնագիտությամբ դեղագործ եք, եթե չեմ սխալվում, ինչպե՞ս գնացիք դեպի պարը: Ի՞նչը գրավեց հատկապես այս պարի մեջ:

-Պարի մեջ առաջինը ինձ գրավեց բարձրակրունկները: Այն, ինչ պարում ենք ոտաբոբիկ կամ բոթասներով, կարելի է պարել բարձրակրունկներով: Բնականաբար, բարձրակրունկներով ավելի դժվար է, քան առանց դրա: Հատուկ տեխնիկա կա ինչպես կառավարել տվյալ շարժումները հենց բարձրակրունկների վրա, եթե մի բան այն չանես, կարող ես վնասվածք ստանալ: Ինչ վերաբեվրում է դեղագործի իմ մասնագիտությանը, դա իմ ցանկությամբ չեմ ընտրել: Ավարտելուց հետո չգիտեի ինչով զբաղվել, ընդունվեցի Բժշկական ուսումնարան, բայց փոքրուց երազում էի պարով զբաղվել:

mari

18 տարեկանում արդեն ցանկություն ունեցա HighHeels-ը բերել Հայաստան ու դասավանդել: Դեղատանն աշխատելու տարիներին հասկացա, որ երազանքս չի կատարվում: Գիտեի, որ երբ մի բանի մասին շատ ես երազում, անպայման կատարվում է, բայց դրա համար պետք է գործել: Նստելով, չսիրած աշխատանքն անելով ու միայն երազելով ոչինչ չի լինի: Ես թողեցի աշխատանքս, որոշեցի փոխել ոճս: Ունեի երկար մազեր, որոշեցի կտրել, ստեղծել նոր կերպար: 2 ամիս անց ես կազմակերպեցի վարպետության դաս, աղջիկներն իմացան, որ Հայաստանում սկսում եմ դասավանդել HighHeels: Ես գնացի իմ երազանքի հետևից, չնայած սկզբում վախ կար՝ արդյոք ամեն ինչ ճիշտ եմ անում, բայց հավատը չէր լքում ինձ:

-Այս պարը պահանջում է բավական կրքոտ, ազատ ու անկաշկանդ լինել, հայ աղջիկները, և հատկապես տղաները ինչպե՞ս են ընկալում, և ովքե՞ր են Ձեզ մոտ ընդունվում:

-Այնքան մեծ էր ինձ մոտ ցանկությունը սովորեցնել աղջիկներին լինել ազատ ու անկաշկանդ, ինքնավստահ, հավատալ ինքդ քեզ, և, երբ 1 ամիս անց ես տեսա փոքրիկ արդյունք, դա ինձ այնքան ոգեշնչեց, որ հասկացա՝ ճիշտ ճանապարհին եմ: Ինձ մոտ ընդունվում են 20-ից 50 տարեկան կանայք: Իսկ, թե ինչպես են ընկալում տղամարդիկ, կարող եմ ասել՝ շատ տարբեր և անհատական: Ինչ-որ մեկի համար դա ամոթ է, մեկն ասում է՝ բրավո, պետք է մեր կանանց զարգացնել: Կարծիքները շատ տարբեր են: Այն տղամարդիկ, ովքեր հասկանում են այս պարի փիլիսոփայությունը, կասեմ՝ բրավո նրանց:

Կիսվել էջում