Ցածր վարձատրվող մանկավարժները չեն ընդվզում, բայց սուս-փուս վնաս են տալիս

Կրթության ոլորտին քրոնիկ կերպով ոչ բավարար ֆինանսական հատկացումների պատճառով ուսուցչի աշխատավարձն, ինչպես հայտնի է, ինքնասիրությունը վիրավորելու չափ ցածր է: «15-20 տարի առաջ խոստացել էին, որ 2015 թվականին ուսուցիչների միջին աշխատավարձը մեր երկրում կլինի 400 դոլարին համարժեք դրամ: Այսօր ուսուցիչները ստանում են միջինը 65 հազար դրամ (մոտ 135 դոլար –խմբ.)»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Մանկավարժները, սակայն չեն ընդվզում: Սերոբ Խաչատրյանը զգուշացրեց, որ այդ լռությունը չի նշանակում, թե ամեն ինչ կարգին է: «Աշխարհի շատ երկրներում նրանք ընդվզում են, երբ որ աշխատավարձը չի բարձրանում: Մեզ մոտ չեն ընդվզում, բայց սուս-փուս վնաս են տալիս:

Չի կարող պատահել, որ տարիներ շարունակ ֆինանսական վիճակը չբարելավես ու երկարաժամկետ վնաս չկրես դրա պատճառով»,- ուշադրություն հրավիրեց փորձագետը: Իսկ վնասներն, ըստ նրա, հետեւյալ կերպ են արտահայտվում. դպրոցի լավագույն շրջանավարտները չեն ուզում մանկավարժ դառնալ, որովհետեւ տեսնում են, որ կրթության համակարգը պատշաճ չի ֆինանսավորվում, համակարգում գտնվող ուսուցիչներն էլ հիասթափվում են:

«Հետո՞ ինչ, որ մարդիկ գլուխները կախ աշխատում են: Դա ավելի վտանգավոր է, որովհետեւ եթե ընդվզում լինի, ինչ-որ բան շտկելու, փոխելու փորձ կարվի»,- նկատեց Սերոբ Խաչատրյանը: Նրա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ հաճախ ուսուցչի համար այդ աշխատանքը դարձել է երկրորդական` տեղը զիջելով առավել եկամտաբեր զբաղմունքի, ինչն էլ իր հերթին պատճառ է դառնում, որ ուսուցիչը չաշխատի իր մասնագիտական կարողությունները զարգացնելու վրա:

«Գյուղերում ուսուցչի աշխատանքը երկրորդական աշխատանք է. առաջին տեղում անասնապահությունն է, հողագործությունը, այգեգործությունը: Այսինքն` գյուղի ուսուցիչները մեծ մասը ձեռքի հետ ուսուցիչ է: Ես մի անգամ մի ուսուցչի հարցրեցի` որն է քո այս տարվա ամենամեծ ձեռքբերումը, ասաց` խաղողի բերքը»,- ասաց բանախոսը` նկատելով, որ տնային տնտեսության հոսքերն ամբողջովին կնոջ ուսերին են նաեւ ամուսինների բացակայության պատճառով:

Քաղաքային դպրոցներում աշխատող մանկավարժները նույնպես, Սերոբ Խաչատրյանի փոխանցմամբ, իրենց բուն գործով շատ դեպքերում զբաղվում են երկրորդ հերթին. «Որովհետեւ մի մասը կրկնուսույց են աշխատում: Դա է իրենց հիմնական գործը: Ժամը 15-ից մինչեւ 22-ն ուսուցիչը կրկնուսույց է: Նույնիսկ կան դեպքեր, երբ ուսուցիչները հացի փռում են աշխատում, կոսմետիկ միջոցներ են վաճառում: Այսինքն` մասնագիտական զարգացման համար նրանց այլեւս ժամանակ չի մնում»,- խնդիրը մատնանշեց փորձագետը:

Աղբյուր՝ armtimes.com