Աշխարհ

Րոպեներ առաջ վթարի վայրից ազդանշան է ստացվել. ԻՀՊԿ ուժերի հրամանատար

Արևելյան Ատրպատականի ԻՀՊԿ ուժերի հրամանատարը հայտնել է, որ րոպեներ առաջ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայրից ազդանշան է ստացվել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը: 

«Րոպեներ առաջ վթարի վայրից ազդանշան է ստացվել ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի բջջային հեռախոսից։ Հենց հիմա բոլոր ուժերով մեկնում ենք այդ տարածք:

Հուսով եմ՝ լավ լուր կհայտնենք ժողովրդին»,- ասել է Արևելյան Ատրպատականի ԻՀՊԿ ուժերի հրամանատարը:

Թուրքիան Իրան է ուղարկել 32 ալպինիստից բաղկացած որոնողափրկարարական թիմ:

Իրան է ուղարկվել նաև 6 միավոր հատուկ տեխնիկա՝ Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ընդգրկվելու նպատակով: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների հարցերով վարչությունը:

raisi iran

Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ և գիշերային տեսանելիության սարքերով հագեցած ուղղաթիռ է տրամադրել որոնողափրկարարական աշխատանքների համար:

Իրանական կողմի խնդրանքով Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանի նախագահի ուղղաթիռի որոնման հարցում, հայտարարել է Ճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը:

Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռում, բացի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահիանից, գտնվել են նաև այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները:

Կիսվել