Տիչինայի փողոցում Prado-ն պայթել է. 26-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Տիչինայի փողոցում Prado-ն պայթել է. 26-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50 –ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում պայթյունի ձայն է լսվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ գազի բռնկման հետևանքով պայթյուն է առաջացել Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Ա.-ի կողմից վարած Toyota  Prado մանիշի ավտոմեքենայում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: Դեպքի վայրը սահմանազատել են կրտսեր պարեկներ Ժորա Շահբազյանն ու Սարգիս Դանիելյանը, որպեսզի ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Գևորգյանը կատարի դեպքի վայրի զննություն:

Մինչ հետաքննիչը տեղում աշխատում էր, Այրվածքաբանության կենտրոնից ժամը 02:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «գլխի, պարանոցի, ձեռքերի 1,2,3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի: Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Արթուր Ա.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորել է, ապա դուրս գալով այնտեղից, ավտոմեքենայի սրահում ծխախոտ է վառել, ինչից էլ առաջացել է պայթյուն: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: