Տեառնընդառաջ Տերունի տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը Տաճարին․ ի՞նչ խորհուրդ ունի տրնդեզը

Տեառնընդառաջ Տերունի տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը Տաճարին․ ի՞նչ խորհուրդ ունի տրնդեզը

Տեառնընդառաջին կրակ վառելը ժողովրդական սովորություն է, որը կարող է օգնել մեզ քրիստոնեական կյանքով ապրել, եթե ունենանք դրանից ավելի արժեքավորը՝ հոգևոր ճիշտ կյանքը:

Տեառնընդառաջ Տերունի տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Այդ օրը խարույկ վառելը ազգային ավանդություն է, որով ժողովուրդը ողջունում է գարնան գալուստը, և խարույկի վրայից կարող են թռչել բոլորը:

Անհրաժեշտ է ամեն կիրակի մասնակցել Սուրբ Պատարագին և հաղորդվել մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի հետ, հենց Նրանով ունենալ օրհնություն, սրբություն մեղքերից, պահպանություն չարից:

Եթե այս՝ հոգևոր կյանքը կազդուրող սովորությունը չունեք, ապա ի՞նչ կտա Ձեզ Տեառնընդառաջի կրակը: Դրանից դեպի հեթանոսական կռապաշտություն մեկ քայլ է: Եթե բացեք եկեղեցում ամեն տարվա սկզբից վաճառվող եկեղեցական օրացույցը, ապա փետրվարի 13-ի դիմաց կկարդաք մեծ տառերով գրված ցուցումը. «Խոտելի է շրջելն զհրով», այսինքն՝ «Կրակի շուրջը պտտվելն արգելված է»:

Ուստի մարդիկ իրենք էլ չգիտեն, թե ինչու են բակերում խարույկի շուրջ պտտվում: Եվ ի հակադրություն սրա՝ ասեմ, որ մարդու օրհնել կարող է Աստված, հոգևորականը, իր ծնողը, ուսուցիչը, ցանկացած մարդ, սակայն ոչ՝ կրակը: Կրակի վրայից ցատկելով՝ ոտնակոխ ենք անում կրակը, որից հետո էլ ոտքերով տրորելով՝ հանգցնում, որովհետև կրակն աստված չէ:

Ս. Գրիգոր Տաթևացին ասում է. «Մենք կրակն ենք ընծայում ի պատիվ Աստծուն, թե՝ Դու ես ճշմարիտ Աստված, որ այժմ հայտնվեցիր, իսկ այս կրակը աստված չէ, այլ՝ Քո արարածը, դրա համար այն Քեզ ենք ծառայեցնում: Ինչպես եբրայեցիների մանուկները ծառերի ոստերն էին ընծայում ի պատիվ Քրիստոսի, քանզի Նա է ճշմարիտն Աստված, նույնպես և մենք հուրն ենք ընծայում»:

Տեառնընդառաջի տոնին՝ փետրվարի 14–ին, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ:

Տրնդեզի խարույկը ընդամենը գարնանային զարթոնքի և ընտանեկան ջերմության խորհրդանշան է: Իսկ դրա կարիքն ունենք բոլորս, և բոլորս էլ Տրնդեզի տոնին խարույկ վառելով՝ կամենում ենք, որ այդ կրակի զգալի ջերմության պես մեր սրտերում վառվի Աստծո Սիրո հոգևոր ջերմությունը:

Իսկ նորապսակներին և նաև (ինչու՞ ոչ) նշանվածներին խարույկի վրայից թռցնելը խորհրդանշական արարողություն է, մաղթանք, որ նորաստեղծ և նոր ստեղծվելիք օջախներում սիրո ջերմությունն անպակաս լինի, հեշտությամբ անցնեն բոլոր նեղությունների բովով, ինչպես որ հեշտությամբ թռչում են կրակի վրայից…