Մամուլ

Վրաերթ՝ Տավուշի մարզում․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Բերդ համայնքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Ջիվան Ադամյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։

Դեպքի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք էջում