Վստահության քվե Նիկոլ Փաշինյանին. որքան ձայն է պետք «այո»-ի համար. «Ժողովուրդ»

Վստահության քվե Նիկոլ Փաշինյանին. որքան ձայն է պետք «այո»-ի համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը նախօրեին ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ ձայներով։

Այսինքն՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Սահմանադրական դատարանի 7 դատավորների, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կդադարի։ Եվ տեղի ունենալիք հանրաքվեն կարող է յուրօրինակ վստահության քվե լինել իշխող ուժի համար:

Բանն այն է, որ ՀՀ սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

Եվ այստեղ հետաքրքիր հանգամանքներ են առկա։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը մասնակցել է 1 մլն 302 հազար 613 քաղաքացի, որից 825 հազար 521 հոգի ասել է՝ «այո», իսկ 421 հազար 568 քաղաքացի ասել է՝ «ոչ»։

Իսկ, ահա, 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ, որից «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 884 հազար 86 ընտրող, այսինքն՝ մի փոքր ավելի, քան 2015 թվականի հանրաքվեի «այո» ձայները։

Հիմա եթե իշխանություններին հաջողվի ապահովել 1 միլիոնից ավելի քաղաքացու մասնակցություն հանրաքվեին, ապա անհրաժեշտ կլինի, որ մասնակիցներից ավելի քան 650 000-ը կողմ քվեարկեն, որպեսզի «այո»ն համարվի վավերացված»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: