Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել է 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք

Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել է 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք

Ավարտվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քննված ևս մեկ քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր:

Ինչպես նախկինում արդեն տեղեկացվել է, 2000-2018 թվականների ընթացքում Վ. Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել:

Բացի այդ, Վ. Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները:

Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար: Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ:

Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով և այլ եղանակներով օրինականացրել է դրանք:

Քննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: