«Վերջ տվեք այդ ինքնահավանությանը, եղեք համեստ»․ Անահիտ Բախշյանը՝ Լենա Նազարյանին

«Ուղղակի տիկին Նազարյանը պատմությանը չի հետևել, գոնե Ազգային ժողովի, հակառակ դեպքում ինքը պետք է իմանար, որ յոթ հոգով մեզ հաջողվեց կանխել «Ազատություն» ռադիոկայանի փակելու գործընթացը»,- Aravot.am -ի հետ զրույցում ասաց 2007-2012 թթ․ ԱԺ միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Կառավարության ծրագրի քննարկումներից հետո Լենա Նազարյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի խորհրդարանում առաջին անգամ ընդդիմադիրները կարողացան ազատորեն արտահայտել իրենց կարծիքները։ Տիկին Բախշյանին խնդրեցինք հիշել դեպքեր, երբ խորհրդարանական մեծամասնությունը «խոշտանգում էր» ընդդիմությանը՝ թույլ չտալով կարծիք հայտնել։

Անահիտ Բախշյան

«Մենք յոթ հոգով խորհրդարանի դահլիճում դասավորվեցինք այնպես, որպեսզի հետևենք և թույլ չտանք մեկը մյուսի փոխարեն քվեարկել։ Ուղղակի գլխներին կանգնեցինք և ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ «Ազատություն» ռադիոկայանը փրկվեց։ Անշուշտ, փորձել են մեզ լռեցնել, բայց որևէ մեկին դա չի հաջողվել, և մշտապես մենք մեր գաղափարներին համապատասխան քվեարկել ենք։ Իսկ դրանք՝ քվեարկությունները, հիմնականում դեմ են եղել Կառավարության ծրագրերին, ընդ որում՝ հիմնավորված և պատճառաբանված»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Մեր զրուցակիցը զարմանում է, որ Լենա Նազարյանը հանկարծ հայտնաբերել է, որ առաջին անգամ 2019 թ․ փետրվարին Կառավարության ծրագրին դեմ է քվեարկել գործող ընդդիմությունը, որովհետև «ասացեք խնդրեմ, իրենք տվել էին այդ հնարավորությունը»։

Լենա Նազարյան

«Սա ինքնահավանության մի աստիճան է, որը բոլորովին լավ հետևանքներ չի ունենալու։ Վե՛րջ տվեք այդ ինքնահավանությանը, եղեք համեստ։ Մենք գնահատում ենք «Իմ քայլի» գործողությունները՝ Թավշյա հեղափոխության իրականացման առումով, բայց որքան համեստ իրենք իրենց պահեն, այնքան ադեկվատ կլինի իրենց արածի գնահատականը։ Հակառակ դեպքում, կարծում եմ, կլինեն նաև այլ գնահատականներ։ Զգույշ եղեք, զգույշ»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Հիշեցնենք նաև, որ ընդամենը մեկ տարի առաջ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները խորհրդարանի ամբիոնից բավական հաճախ և բավական սուր քննադատություններ էին հնչեցնում իշխանության հասցեին, հենց ինքը՝ տիկին Նազարյանը խորհրդարանի դահլիճում «Ազատության ջահը» վառելու ակցիայի նախաձեռնողն ու մասնակիցն էր։

Աղբյուր՝ aravot.am