Վարսահարդարի հայրը հաստատում է միջադեպի փաստը, իսկ Գարիկ Սարգսյանն ասում է, որ այդ օրն այդ վարսահարդարի մոտ չի գնացել

Analitik.am-ը գրում է․ Վարսահարդարի հայրը հաստատում է միջադեպի փաստը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ իր վարորդը ծեծի է ենթարկել Նոր Կյանք գյուղում վարսահարդար աշխատող երիտասարդին, ով արդեն 1 շաբաթ է՝ հեռացել է գյուղից և գործունեություն է ծավալում հարազատ Տափերական գյուղում:

Վարսավիրի հայրն Ազատության հետ զրույցում, խոսելով միջադեպի մասին, հայտնել է, որ որդու մոտ կին է նստած եղել, երբ մարզպետ Սարգսյանը գնացել է մազերը կտրելու. «Նա ասել է, որ մոտը հաճախուրդ կա ու չի կարող ընդունել նրան: Չգիտեմ, թե ուրիշ ինչ է ասել: Դրանից հետո ինչ-որ տղաներ են եկել, Սերոբին քաշքշել են»:

Գարիկ Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ այդ օրն այդ վարսահարդարի մոտ չի գնացել:

Ազատության լրագրողի խոսքերով, վարսահարդարի հարազատ Տափերական գյուղում, ըստ երևույթին, շատերն են տեղյակ միջադեպից, սակայն հրաժարվում են խոսել տեսախցիկի առաջ:

«Երևի թե ասել են՝ ինչու ես նման բան արել, կարելի էր զիջել: Որդիս էլ ասել է, որ չի կարող կնոջն աթոռի վրայից վերկացնել ու մարզպետին ասել՝ եկեք նստեք: Ես այլ բան չգիտեմ, ստույգ տեղեկություններ չունեմ: Երևի գոռգռալով խոսել են ու թողել գնացել: Այդ առիքով ես էլ ինքն էլ որոշեցինք, որ նա Նոր Կյանքում չշարունակի աշխատել»:

Նոր Կյանքի բնակիչ մարզպետ Գարիկ Սարգսյանը Ազատության հետ զրույցում հայտարարել է, պատրաստ է պարզաբանումներ տալ իրավապահներին. «Ում մասին, որ ասում են, բարեկամներ են, ազգակցական կապեր ունեն: Թե իրենց մեջ ինչ խնդիր է եղել… Ես դիմել եմ ոստիկանություն: Ես իրավապահների ուշադրությունն եմ հրավիրել գործի վրա, որպեսզի այն հանգամանալից քննեն»:

Մարզպետը հայտնել է, որ ինքը վարորդ չունի, սակայն հրաժարվել է ասել, թե ով է գնացել. «Թող քննություն լինի, պարզվի»:

Դիտարկմանը, որ կարծես թե վրա է հասել իր հրաժարականի պահը, Սարգսյանն ասել է, որ իր հրաժարականի պահն ինչ-որ կենտրոններից հասունացվում է արդեն 1,5 տարի. «Բայց նրանք ամեն օր արթնանում ու հիասթափվում են, որ այսօր էլ Գարիկ Սարգսյանին պաշտոնից չազատեցին, կամ հրաժարական չտվեց: երազախաբ են լինում»:

Աղբյուր՝ analitik.am