Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ փոխվարչապետին Ամանորի կապակցությամբ և կարևորել նրա այցը  հայ-ռուսական փոխգործակցության, Արցախում իրավիճակը քննարկելու համատեքստում:

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է այն մեծ դերը, որ Ռուսաստանի Դաշնությունն ունեցել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում և նշել, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը անվտանգության ապահովման կարևոր գործոն է ու երաշխիք:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերը և Ռուսաստանի կառուցողական դերակատարումը Արցախում իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Ռուսաստանի փոխվարչապետը ևս շնորհավորել է ՀՀ վարչապետին տոների  կապակցությամբ և փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Ռուսաստանը վերահաստատում է իր աջակցությունը բարեկամ հայ ժողովրդին այս բարդ  ժամանակահատվածում և շահագրգռված է շարունակելու հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցությանը, պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման  աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվել է գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների հետևողականության կարևորությունը: