Վարչապետը նոր լիազորություններ կունենա

Վարչապետը նոր լիազորություններ կունենա

Armlur.am-ը գրում է․ Վաղը՝ դեկտեմբերի 9-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախ այս օրենքների նախագծերի ընդունման դեպքում վարչապետն է որոշելու, թե արդյոք պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետերին պետական պահպանություն կտրամադրվի, թե ոչ:

Միեւնույն ժամանակ փոփոխություն է կատարվելու Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն տրամադրելու կարգում եւ ամրագրվելու է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

Բացի այդ, ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, սակայն ԱԺ նախագահի համար ոչ:

Այս հանգամանքը եւս կփոփոխվի եւ առաջարկվում է ամրագրել, որ ԱԺ նախագահի, նրա ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) համար եւս ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը:

Մյուս փոփոխությամբ Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին եւ դուրս կբերվի ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում