Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել

Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 51 տան դիմաց՝ ավտոմեքենայի տակ, քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel Zafira-ի տակից հրշեջ փրկարարները դուրս են բերել Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Լեռնիկ Չատինյանին, ում մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի շտապօգնության բժիշկներին, ով, ցավոք, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է մահացածին, և ինքնաբերաբար նա հայտնվել է իր իսկ ավտոմեքենայի տակ։

Քննիչի հանձնարարականով պարեկ Վազգեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկներ Նարեկ Գրիգորյանն ու Նարեկ Եղիազարյանը ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։