Վարակվածները մոտ 7 անգամ ավելի շատ են, քան հայտնաբերվածները

Վարակվածները մոտ 7 անգամ ավելի շատ են, քան հայտնաբերվածները

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարցերս մասնագիտական են։ Վերաբերում են բացառապես ինֆեկցիոնիստներին, համաճարակաբաններին, առողջապահության կազմակերպիչներին։

Մասսաներին ինչ կասեք, ինչ չեք ասի, իմ խնդիրը չէ: Եթե կոմպետենտ եք պատասխանեք, ինձ՝ բժշկության վետերանիս։)

1. Եթե աշխարհում կա պանդեմիա, որն ընդգրկում է քո տարածաշրջանը, ապա վարակը թափանցելու է քո երկիր ուզես թե չուզես։ Քանի որ վարակը դեպքերի ծանրակշիռ մեծամասնությունում առանց դրսեվորումների է, մարդիկ վարակվելու և լավանալու են դրա մասին չիմանալով։ Հարց. Կարելի՞ է պնդել, որ ամենայն հավանականությամբ վարակը ՀՀ-ում եղել է ավելի շուտ, քան գրանցված առաջին դեպքն է, ու այն մարդիկ սկսել են տարածել մինչև արտակարգ միջոցառումները։

2. Ապացուցված է, որ վարակվածները մոտ 7 անգամ ավելի շատ են, քան հայտնաբերվածները։ Այսինքն 1 հայտնաբերվածի կարանտին դնելով դրսում թողնում ես 7 վարակվածի առանց կարանտին։ Հարցս։ Էդ մեկի՞ն ինչու ես կարանտին դնում։ Չեմ հարցնում կարանտինի նպատակահարմարությունը համաճարակների ժամանակ։ Հարցնում եմ 7 վարակիչ էսպես թե էնպես դրսում են, մեկին ինչու՞ եք կարանտին դնում ԵՐԲ 7-ը ԴՐՍՈՒՄ ԵՆ։ Էդպես արվել է ՀՀ-ում։

3. Ապացուցված է, որ վարակի երկրաչափական պրոգրեսիայով տարածումը կանխելու համար պետք է բոլորին դնել կարանտինի մեջ, թե 1 բացահայտվածին, թե էն 7-ին, որ բացահայտված չեն։ Այսինքն տնային կալանք բոլորին։ Հարց։ Այսինքն մենք պայքարում ենք ոչ թե վարակի տարածման դեմ, այլ դրա տարածման արագությա՞ն։ Այսինքն ցանկացած օր, որ արտակարգ ռեժիմը հանվի, նորից լինելու է երկրաչափական պրոգրեսիայով տարածու՞մ:

4. Եթե արտակարգ դրությունը հանելուց հետո չի լինելու վարակի անզուսպ տարածում, ուրեմն լինելու են զսպման մեխանիզմներ։ Եվ այսպես. ի՞նչ կանխատեսումներ կան որ դա լինելու է վակցինա կամ բուժող դեղ, մոտավորապես ե՞րբ կլինեն դրանք, այսինքն ինչքա՞ն է տևելու տնային կալանքը։

Եթե զսպող մեխանիզմը դեղն ու վակցինան չեն լինելու, ուրեմն հույսը մարդկանց դանդաղ ու մեծ թվով վարակվելն է, ինչը կստեղծի բնական իմունիտետ ու կրկնակի վարակման նվազագույն շանսեր։ Նույն հարցը։

Էսպես տունը նստելով ինչքա՞ն ժամանակ կպահանջվի վարակվածների և լավացածների նվազագույն անհրաժեշտ քանակ ունենալու համար ովքեր կլինեն իմունիզացված բարիեր վարակի անզուսպ տարածման համար։ Եթե կան այլ զսպող մեխանիզմներ, ապա նշեք, ու նույն հարցը՝ դրանք ե՞րբ կլինեն։ Ինչքա՞ն ենք տանը նստելու։

5. Եթե վարակի բնական ընթացքն առանց աղետալի մասշտաբների տալիս է մոտ 1% մահ, ապա կարելի՞ է ասել, որ իմունիզացված բարիերի ձևավորումը լինելու է կյանքի գնով և քանի՞ հոգու, ըստ նախնական հաշվարկների։

6. Եթե վարակը տարածվի երկրաչափական պրոգրեսիայով, ապա միաժամանակ քանի՞ հիվանդի առկայության դեպքում կլինի առողջապահական համակարգի կոլապս։ Ասեք խնդրում եմ ստույգ թիվը՝ պլյուս մինուս:

7. Եթե կոլապսի հասցնող թիվը պարզ է, ի՞նչ քանակի գույք, սարքավորում և անձնակազմ է պակասում անզուսպ համաճարակը դիմագրավելու համար։

8. Մեր վերջին աղետի, Ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցել ենք բազմապատիկ ավելի շատ հիվանդներ, քան այժմյան վարկվածներն են և առողջապահական համակարգն իր բնականոն հունից դուրս չեկավ, էլ չեմ խոսում կոլապսի մասին։ Հարց։ Ի տարբերություն ռազմական բժիշկների, արդյո՞ք քաղաքացիական բժիշկների ծուլությունից չի գալիս այսօրվա տնային համատարած կալանքը։

9. Ծախսարդյունավետության մասին նախկինում հարցրել եմ։ Կրկնեմ։ Ինչքա՞ն փող է արժենալու տնտեսության վրա, այս ռեժիմի միջոցով փրկված մեկ կյանքը, և որ ավելի կարևոր է, հնարավո՞ր էր այդ նույն փողով փրկել բազմապատիկ ավելի կյանքեր ասենք ուռուցքաբանության, շաքարային դիաբետի կամ սիրտանոթային հիվանդությունների մեջ այդ գումարները ներդնելով։

10. Եթե այս թվերը հրապարակված չեն, կարելի՞ է ենթադրել որ նման հաշվարկներ չկան։ Եթե կան, բայց չեն հրապարակվել՝ կարելի՞ է ենթադրել որ Կառավարությունը թափանցիկ չէ։

11. Եթե այնուամենայնիվ նման թվեր ու հարցերիս պատասխաններ չկան, չեն հաշվարկվել, ապա կարելի՞ է ենթադրել որ Կառավարության գործողությունները կազմակերպվում են քաղաքական հաշվարկների վրա, ոչ թե առողջապահական և տնտեսական»։