Վաշինգտոնի գլխավոր պահանջը՝ Երևանին

Վաշինգտոնի գլխավոր պահանջը՝ Երևանին

168.am-ը գրում է․ Ուկրաինայում շարունակվող Ռուսաստան-Արևմուտք պատերազմի և Հայաստանի համար անվտանգային աննախադեպ ճգնաժամի շրջափուլում ակտիվություն է նկատվում հայ-ամերիկյան հարաբերություններում:

Սա, իհարկե, պայմանավորված է Հարավային Կովկասի և Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հետաքրքրությունների շեշտակի աճով, ինչն էլ իր հերթին՝ ունի աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի հետքը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից վերջնականապես դուրս բերելու գլխավոր նպատակով:

Աշխարհաքաղաքական այս պլանն իրագործելու ամենակարճ ճանապարհը ՌԴ ռազմաքաղաքական ներկայության վերացումն է թե՛ հակամարտությունների, այսպես կոչված, լուծման, թե՛ տարածաշրջանում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների թուլացման և անվտանգության երաշխավորի՝ ՌԴ-ի իմիջը հեղինակազրկելու միջոցով:

Այս նպատակի հարցում և Հարավային Կովկասում ու Հայաստանում ՌԴ քաղաքականությունը վերլուծության լիովին առանձին թեմա է, որին ևս պարբերաբար անդրադառնում ենք՝ արձանագրելով, թե ինչպես է փոխվում Հարավային Կովկասի նշանակությունը Ռուսաստանի համար վերջին տարիներին, իսկ հատկապես՝ վերջին ամիսներին:

Սակայն ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը, բարձրաստիճան այցերը հասարակության շատ խմբերի հույս են տալիս, որ Միացյալ Նահանգները Հայաստանի համար ինչ-որ առումով անվտանգության երաշխավորի դեր կարող են ստանձնել մի իրավիճակում, երբ ՀՀ-ն գտնվում է թուրք-ադրբեջանական ռազմական սպառնալիքի ներքո, և մի իրավիճակում, երբ ՌԴ-ն պատերազմի մեջ է ու Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորի իր դաշնակցային պարտավորություններն իրագործելու շահ չի տեսնում:

Հայաստանի համար սա ամերիկյան շահերի նմանօրինակ դրսևորման առանձնահատուկ շրջան է, երբ միմյանց հերթ չտալով՝ ՀՀ և տարածաշրջան են այցելում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը, ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը, ապա շատ քննարկված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան:

Վերջին շրջանում կայացավ նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցն ԱՄՆ, Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցեցին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին, որի շրջանակում տեղի ունեցան բարձրաստիճան հանդիպումներ նաև ամերիկյան կողմի հետ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպումը:

Իսկ այս օրերին արդեն ԱՄՆ-ում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, զուգահեռաբար այնտեղ է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով ԱՄՆ-ում հանդիպել է Քերըն Դոնֆրիդի հետ:

Փաստորեն ԱՄՆ-ում կարելի է նաև չբացառել Գրիգորյան-Հաջիև հանդիպում, նրանց միջև հաղորդակցական, այսինքն՝ հանդիպումների ձևաչափ էր ստեղծել Բրյուսելը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ:

Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում՝ հայկական տարածքում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ամերիկյան կողմը հասցեական հայտարարություններով հանդես եկավ, կոչ անելով Ադրբեջանին հետ քաշել զորքերը, դատապարտելով ադրբեջանական հարձակումը:

Զուգահեռաբար Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի կոնտեքստում ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի, մեղմ ասած, չեզոք, հեռադիր պահվածքը Հայաստանում խորացրեց Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դեմ արևմտյան ուժերի քարոզչությունը, կոչերը՝ լքել ՀԱՊԿ-ը՝ այդ կառույցի անգործունակության պատճառով:

Բացի այդ, իշխանական հռետորաբանությունը վերջին շրջանում կարծես տեղ էր բացում սպառազինություն այլ մատակարարներից ձեռք բերելու թեման, դա փաթեթավորելով այնպես, թե ՀԱՊԿ անդամակցությունը սպառազինություն այլ մատակարարներից ձեռք բերելու հեռանկարին խոչընդոտում է:

«Հայաստանն ունի ֆինանսական միջոցներ անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք ձեռք բերելու համար։ Կան երկրներ, որոնք պատրաստ են մատակարարել, բայց այդ երկրներից զենք գնելն անվտանգային նոր սպառնալիքներ է առաջացնում»,- ՀՀ ԱԺ-ում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հանրային հեռուստաընկերության եթերում էլ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀՀ միակ կարիքը զենքն է։

«Զենքն անընդհատ համալրման կարիք ունի: Մնացած բոլոր կարիքները հոգալու մասով կառավարությունն ամեն ինչ անում է և որևիցե գումարային խնդիր չունի»,- նշել էր նա։

Սեպտեմբերի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել էր. «ԱՄՆ-ը կշարունակի օգնել Հայաստանին և հանդես գալ նրա սահմանների փոփոխության դեմ։ Որոշում կայացնողը Հայաստանն է, բայց եթե այն կայացվի, ԱՄՆ-ը պատրաստ է օգնել նրան»: Նա նաև նշել էր, որ իրենք ՀՀ-ում են՝ լսելու, թե ինչ կարող են անել, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում համագործակցության հարցում:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն ժամեր առաջ կարճ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ անկախությունից ի վեր առաջին անգամ ԱՄՆ պաշտոնյաները Կոնգրեսի ճնշմամբ դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի և էթնիկ զտման քաղաքականության:

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման ու ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հարցում կան մի շարք կարևոր նրբություններ:

168.am-ի տեղեկություններով՝ ամերիկյան կողմը ՀՀ-ի հետ մի շարք կարևոր շփումների ընթացքում հստակ հասկացրել է, որ պատրաստ է քննարկել այդ հարցը միայն այն դեպքում, երբ Հայաստանը լքի ՀԱՊԿ-ը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում