Վանո Սիրադեղյանը պետք է օր առաջ լինի Հայաստանում. Անդրանիկ Քոչարյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանո Սիրադեղյանը պետք է օր առաջ լինի Հայաստանում։ Որևէ քայլ արվո՞ւմ է Վանո Սիրադեղյանի զինակիցների, ընկերների կողմից` նրա վերադարձի մասով, ասում են` վատառողջ է, մինչդեռ բավականաչափ «ամագ» ունի Նիկոլի վրա՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։

«Վերադարձի համար առաջին հերթին պետք է Վանո Սիրադեղյանը դիմի. մեր պաշտոնները ոչ մի նշանակություն չունեն, եթե նա չի ցանկանում վերադառնալ»: Դուք բարի կամք դրսևորե՞լ եք՝ որպես պետության ներկայացուցիչներ։ «Հայաստանը լքած բոլոր քաղաքացիները, առավել ևս՝ Վանո Սիրադեղյանը, պետք է օր առաջ լինեն Հայաստանում»:

Այդ դեպքում ինչո՞ւ չի գալիս։ «Շատ դժվար է, շատ տարիներ են անցել, և հոգեբանորեն դժվար է պատկերացնել` էս պահին Վանո Սիրադեղյանն ինչպես է իրականացնելու այդ քայլը, բայց որ նա անպայման պետք է գա, մի վայրկյան ես չեմ կասկածում»։

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում այդ հարցին։ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, նրան, ուղղակի, հարց չեն տվել այդ մասին»: Նախ` տվել են․ Արարատ Զուրաբյանը, մամուլը, հետո` ի՞նչ պարտադիր է հարց տան։ «Կրկնում եմ` առաջին հերթին պետք է ցանկություն հայտնի Սիրադեղյանը. ես շատ եմ երազում, որ նա կրկին Աբովյան փողոցով քայլի»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: