«Վահանն ընտիր էրեխա էր». մահացած զինծառայողի ընտանիքում չեն պատկերացնում՝ ինչպես է դեպքը եղել

«Վահանն ընտիր էրեխա էր». մահացած զինծառայողի ընտանիքում չեն պատկերացնում՝ ինչպես է դեպքը եղել։

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել էր շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին:

Նա Սյունիքի մարզի Տանձատափ համայնքից էր, հենց այդ համայնքի ղեկավարի որդին։

«Վահանն ընտիր էրեխա էր, լավ սովորող: Գնաց ընդունվեց Երևանի պետական համալսարան, 6 ամիս սովորեց իրավաբանական բաժնում»,- ասում է խոշորացված Շինուհայր համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում:

Համայնքապետը պատմում է, որ Վահանը հունվարին էր զորակոչվել բանակ, գրեթե մեկ տարվա ծառայության ընթացքում զինծառայողը խնդիրներ, բողոքներ չի ունեցել: «Կամանդիրները գոհ էին, էլ շնորհակալություն, էլ գովեստի խոսքեր իր հասցեին: Զարմանալի է, իրոք, ոնց ստացվեց էսպիսի բան»:

Վահանի ավագ եղբայրը կիրակի օրն այցելել է նրան, տեսակցության ժամանակ նա ևս ոչ մի կասկածելի բան չի նկատել:

«Կիրակի օրը մեծ ախպերը գնացել ա տեսակցության, ամեն ինչ նորմալ ա եղել, լավ տրամադրությամբ ա եղել էրեխեն: Ախպորից հետո կարծեմ մի անգամ էլ ա տան անդամների հետ խոսել, էլի կասկածելի բան չի ասել, ծնողները հանգիստ են եղել»:  

Համայնքապետն այսօր գնացել է մահացած զինծառայողի տուն, վստահեցնում է՝ ընտանիքը ոչ մի բանից տեղյակ չէ:

«Էդ մարդիկ պատկերացում էլ չունեն՝  ինչը կարող էր պատճառ դարձած լինել, ինչպես կարող էր նման բան պատահել: Գյուղացի սովորական ապրող մարդիկ են, լավ ընտանիք են, շատ ափսոս…»:

Աղբյուր՝ lurer.com