Վազգեն Մանուկյանը կարևոր դերակատարություն է ունեցել Նաիրի Հունանյանի տրամադրությունների ձևավորման գործում․ Արման Բաբաջանյան

Վազգեն Մանուկյանը կարևոր դերակատարություն է ունեցել Նաիրի Հունանյանի տրամադրությունների ձևավորման գործում․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ աչքովս ընկավ «ընդդիմադիր» ուժերի վարչապետի ժամանակավոր թեկնածուի անունը: Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի մասին առիթ ունեցել եմ խոսել: Նրա անձի նկատմամբ կապված է անցյալ տարի հոկտեմբերի 27-ի նախօրեին ԱԱԾ մեկուսարանում 20-ամյա վաղեմության ահաբեկչական գործողության պարագլուխ Նաիրի Հունանյանին իմ հանդիպման հետ:

Միքանիժամյա զրույցի ընթացքում Նաիրի Հունանյանը մի քանի առանցքային անուններ է նշել: Նրանք բոլորը ողջ են, ոչ պատահականորեն բոլորն էլ «ընդդիմադիր» ճամբարում են: Վազգեն Մանուկյանն ահաբեկիչների այս խմբի առաջնորդի՝ Նաիրի Հունանյանի հետ ինտենսիվ շփումների մեջ է եղել մինչև ոճրագործության իրականացումը:

Զրույցի ընթացքում Վազգեն Մանուկյանի անվան մի քանի անգամ հիշատակումը, նրա հանդիպումներից ոգևորված փաստի արձանագրումը Նաիրի Հունանյանի կողմից, ուղղակի ինձ համար համոզիչ է դարձնում, որ Վազգեն Մանուկյանը կարևոր դերակատարություն է ունեցել Նաիրի Հունանյանի տրամադրությունների ձևավորման գործում:

նաիրի հունանյան

Ենթադրում եմ, որ այդ շրջանում, անձնական դրդապատճառներով, Վազգեն Մանուկյանը քաղաքական վենդետա էր պլանավորել և իր գլխավոր հակառակորդը համարել է Վազգեն Սարգսյանին:

«Ընդդիմության» վարչապետի թեկնածուն մի անձ է, ով երկրորդական դեր չի խաղացել Նաիրի Հունանյանի նպատակադրման իրագործման գործում: Ես չեմ կարող ասել՝ Վազգեն Մանուկյանը Նաիրի Հունանյանին ուղղորդել է նման հանցագործության, բայց վստահ եմ, որ նրա (Նաիրիի) ցանկություններն ինչ-որ իմաստով հասունացրել է նաև Վազգեն Մանուկյանը, որն էլ, ի վերջո, հանգեցրել է այդ ոճրագործության իրականացմանը:

Այլ անձինք էլ են կարևոր դերակատարություն ունեցել, Նաիրի Հունանյանի ոճիրի իրագործման մեջ: Այդ բոլորի մասին պատմել եմ ԱԱԾ-ում, թեև անձամբ ոճրագործի հետ հանդիպումը կայացել է ԱԱԾ մեկուսարանի տնօրենի ներկայությամբ»: