Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է․ ինչպես պաշտպանվել

Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է․ ինչպես պաշտպանվել։ Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում:

Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է մեղվի խայթոցի ժամանակ:

Դեղին և կարմիր կարիճների թույնը վտանգավոր չէ կյանքի համար:

Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքում տուժածի մոտ նկատվում է՝

1. խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ

2. մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր,

3. ախտահարված մասում թմրածության զարգացում

4. ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում

5. որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում

6. գլխապտույտ

7. արտահայտված թքահոսություն

8. սրտխփոց

9. գլխացավ։        

Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ՝

տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը

վնասված հատվածը մաքրել սպիրտով, հակասեպտիկ վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով

ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել

անկախ տուժածի վիճակից՝ պետք է լինել բժշկի հսկողության տակ:

Հիշեցնենք, որ կարիճները միտումնավոր չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել: Դրանք հաճախ թափանցում են տներ: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ:

Ուստի, ցանկալի է առավոտյան թափ տալ կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել, զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարերն ու փայտը: