Սրճարանի տնօրենը փորձել է խեղդել տարածքի սեփականատիրոջը, ով անկողնային հիվանդ է. մանրամասներ (Տեսանյութ)

Սրճարանի տնօրենը փորձել է խեղդել տարածքի սեփականատիրոջը, ով անկողնային հիվանդ է. մանրամասներ (Տեսանյութ)

«Պապարացի կաֆե» ՍՊԸ֊ի տնօրեն սիրիահայ Շանթ Գոչեանը ֆեյսբուքյան իր էջում հանցագործության մասին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ այն տարածքի սեփականատերը, որտեղ արդեն մոտ 6 տարի իր ընկերությունն ակումբային ու սրճարանային գործունեություն է ծավալում, խոչընդոտում է իրենց աշխատանքին, արգելում է ընկերության տարբեր աշխատակիցներին մուտք գործել տարածք, անջատում է լույսերը, վերելակը, այժմ էլ թույլ չի տալիս դուրս բերել տարածքում մնացած ընկերության գույքն ու փաստաթղթերը։

«Հաղորդում հանցագործության մասին։ Ես Շանթ Գոչեանս հանդիսանում եմ Պապարացի կաֆե ՍՊԸ-Ի տնօրենը։ Ընկերությունը սրճարանային և ակումբային գործունեություն է ծավալում Աբովյան 3 հասցեում։ Նշված տարածքը վարձակալությամբ տրված է ինձ արդեն մոտ 6 տարի։

Վերջին շրջանում տարածքի սեփականատիրոջ լ/ա Վոլոդյա Բեջանյանը մշտապես արհեստական խոչըդոտներ է ստեղծում ընկերության բնականոն աշխատանքի համար, արգելում է ընկերության տարբեր աշխատակիցներին մուտք գործել տարածք, անջատում է լույսերը, վերելակը։

Մոտ 1 տարի առաջ տարածքի սեփականատիրոջ ներկայացուցիչը խաբեությամբ, պատճառաբանելով, որ շտապ պետք է վաճառի տարածքը՝ լուծել է վարձակալության պայմանագիրը, որից հետո հրաժարվել է կնքել նոր պայմանագիր, սակայն վարձավճարները մշտապես ստացել է, և որևէ պահանջ կապված վարձավճարների հետ առ ներկա պահը ոչ գրավոր, ոչ բանավոր չի ներկայացրել։

Լ/ա Վոլոդյա Բեջանյանը ստացել է այդ թվում նաև օգոստոս ամսվա վարձավճարը 9500$-ի չափով։ Երբևէ որևէ գրավոր կամ բանավոր պահանջ չի եղել տարածքը ազատելու վերաբերյալ, իսկ ընկերության բազմաթիվ առաջարկներին նոր պայմագիր կնքելու՝ մերժել է։

2021թ օգոստոսի 15-ին ժամը գիշերը 12.30 սահմաններում հերթական անգամ անջատել է հոսանքը, արգելափակել վերելակը՝ ցանկանալով տարածքից դուրս չթողնել հյուրերին և անձնակազմին։ Իմ միջամտությունից հետո վերելակը միացրել են և թույլ տվել մարդիկ դուրս գան։

Մի քանի ժամ բանակցելուց հետո խնդրել եմ ողջամիտ ժամկետ տրամադրել տարածքից ընկերությանը պատկանող ողջ գույքը դուրս բերելու համար, սակայն Վոլորդյա Բեջանյանը, նրա թոռնիկ Վլադ Բեջանյանը և այլ անձինք (նրանք ներկայացել են թոռան ընկերներ, Բորիս անունով պահակը, և մեկ քաղաքացի, ով ասում էր, որ Վոլոդյան իր շեֆն է) թույլ չեն տվել գույքը դուրս բերել՝ փակել են դռները և առհասարակ արգելել մուտք գործել տարածք։

Ընկերությանը գրասենյակը ևս այդ տարածքում էր։ Տարածքում ներկայումս գտնվում է ընկերության ողջ գույքը, ներառյալ հդմ սարքերը, ընկերության ամբողջ փաստաթղթերը, կնիքները, համակարգիչները, տարածքի կահավորման և սպասարկման համար համար ձեռք բերված ողջ գույքը՝ լույսային, երաժշտական սարքավորումներ, բազկաթոռներ, սեղաններ, աթոռներ, սառնարաններ, օդորակիչներ, սպասք և այլ գույք։

Ընկերության աշխատանքը ապօրինաբար խափանված է, գույքը՝ հափշտակված։ Ընկերության տնօրինությանը և աշխատակիցներին զրկել են իրենց պատկանող իրերը տնօրինելու, օգտագործելու իրավունքից։

Ընկերությունը կրում է ահռելի վնասներ, խախտել է իր հաճախորդների առջև հանձն առած պարտավորությունները։

Սույնով խնդրում եմ նշվածը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին կատարված մի խումբ անձանց կողմից։

Հայցում ենք մեր բոլոր հաճախորդների ներողամտությունը և հայտարարում, որ Պապարացի քլաբը և Վերևը այլևս նշված հասցեում գործունեություն չեն ծավալելու»։

Վերոհիշյալ տեսանյութը հայտնվել է ArmLur.am-ի ձեռքի տակ։