Ստամբուլյան կոնվենցիայի տողատակերում կան մշուշապատ ակնարկներ, որոնք խորթ են հայ ընտանիքի մեր պատկերացմանը․ Արամ Ա

Ստամբուլյան կոնվենցիայի տողատակերում կան մշուշապատ ակնարկներ, որոնք խորթ են հայ ընտանիքի մեր պատկերացմանը: Ն․Ս․ Օ․ Տ․ Տ․ Արամ Ա կաթողիկոսը, խոսելով հայ ընտանիքի հոգևոր, բարոյական ու ազգային արժեքները պահելու հրամայականի մասին, անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիային։

Այս մասին ասված է նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Կաթողիկոսն ընդգծել է, որ որպես կաթողիկոս դեմ է հայ ընտանիքի, նրա արժեքների ինքնության ու կոչման ուղղակի կամ անուղղակի վնաս հասցնող որևէ փաստաթղթի։

«Նման զգայուն բնույթ և բազմակողմանի երեսներ ունեցող փաստաթղթերը կամ խնդիրները, որոնք կարող են համահայկական հետևանքներ ունենալ, պետք է համահայկական մասնակցությամբ, վերլուծական և իրապաշտ մոտեցմամբ լրջորեն քննարկվեն։ Այլապես զգացական, միակողմանի ու տեսական մոտեցումները մեզ կարող են սխալ ուղղությամբ առաջնորդել»,-ասել է վեհափառը։

Նա ընդգծել է, որ խստորեն դեմ են կնոջ նկատմամբ որևէ բռնարարքի, ինչի մասին ասվել է բազմիցս։

«Հիշյալ փաստաթղթում կան կետեր, որոնք ողջունելի են, սակայն դրա տողատակերում և անուղղակի նշումներով ընտանիքին առնչվող այնպիսի թաքուն ու մշուշապատ ակնարկներ կան, որոնք հետագայում կարող են դուռ բացել այնպիսի կենցաղակերպերի, բնականոնացման և նույնիսկ օրինականացման, որոնք խորթ են հայ ընտանիքի մեր պատկերացմանը։ Ահա այստեղ է վտանգը և պետք է զգույշ լինել»,-ասել է Արամ Ա-ն։

Նա հիշեցրել է, որ հաճախ են ՀՀ իշխանությունների ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը, որպես պետություն պետք է մի կողմից հարգի և պաշտպանի մարդու իրավունքները, մյուս կողմից հավատարիմ մնա ազգային արժեքներին։

«Նման դեպքերում Հայաստանը պետք է խուսափի ընտրություն կատարելուց և փորձի ներդաշնակություն ստեղծել այս երկու բևեռների միջև՝ նախանձախնդիր լինելով ազգային արժեքների պահպանմանը»,-ասել է նա։