«Սպասում ենք հրամանի». Խոզնավարի գյուղապետ

«Սպասում ենք հրամանի». Խոզնավարի գյուղապետ

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանը «Սպուտնիկ Արմենիայի» եթերում նշել է, որ Խոզնավարի սարերը հսկող զինվորականներին օգնության է եկել նոր խումբ։

Խոզնավարում ևս 1.5 կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականներին հայկական կողմը հետ է շպրտել։ Տեղեկությունը հաստատել է Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

Նրա խոսքով` Խոզնավարի սարերը հսկող զինվորականներին օգնության է հասել նոր խումբ։

«Երեկ Գորիսում ահագին զինվորականներ կային, մի մասը եկել են, ոտքով բարձրացել արոտավայրերի վերևի սարը` Վալերի դյուզ։ Այդպես ենք ասում այդ սարին։ Ադրբեջանցիների դիմաց կանգնած են»,- նշել է Գրիգորյանը։

Դեռ երեկ թշնամու նոր առաջխաղացումից փոքր-ինչ սրտնեղած խոզնավարցիներն այսօր արդեն սպասում են հրամանի` եթե պետք լինի, պատրաստ են նաև կռվով պաշտպանել սեփական տարածքները. «Սպասում ենք, տեսնենք` ինչ են ասում` գնանք, կռվենք, թե հետ են գնում ելման դիրքեր»,- հավելել է նա։

Վարչական շրջանի ղեկավարի խոսքով` ադրբեջանցիներին ամեն գնով պետք է դուրս բերել հայկական տարածքներից, եթե մնան, ամռանը անասուններին արածեցնելը, ձմռան համար էլ խոտ ամբարելն անհնար կլինի։

«Զոռով պահում են էլի։ Ամառն էլի մի կերպ յոլա կտանեն, բայց ձմեռը սարսափելի է լինելու։ Այն տարածքում, որ իրենք կանգնած են մեր խոտհարքերն են, խոտ ենք հնձում, գյուղացին էլ դրանով է ապրում։ Հրե՜ն նստած են…:

Հետ գնան` լավ կլինի, հետ չգնան` չգիտեմ… »,- հավելել է Գրիգորյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում