Սպասելով, որ հայրիկը հաց բերի. 5 երեխաներով ընտանիքը հայտնվել է անելանելի պայմաններում

Hetq.am-ը գրում է․ 5 երեխաներով ընտանիքը հայտնվել է անելանելի պայմաններում։ Գայանեն պահարանից հանում է նապաստակներով կապույտ մանկական սրբիչը, որ փռի իշաոտնուկի վրա: Խոնավ սենյակում աթոռ չկա, հին, փոս ընկած բազմոցն ու բազկաթոռն են: Գայանեի լարվածությունն եմ նկատում, խնդրում եմ՝ սրբիչը տեղավորի պահարանում, ու զրուցենք:

Երկուսս էլ նստում ենք իշաոտնուկին: Գայանե Պապոյանը 27 տարեկան է՝ երկար վարսերով, կապույտ աչքերով, իր տարիքից շուտ թափված ատամներով: Վանաձորի Լեռնապատ գյուղից է, որտեղից ծնողների, եղբոր ու քրոջ հետ 13 տարի առաջ տեղափոխվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղ: Այստեղ ծնողները անասնապահությամբ են զբաղվել:

«Պարտքերի մեջ էինք, տղայիս պիտի վիրահատեինք, Զովունիում էլ անասնապահության գործ կար, դրա համար եկանք»,- զրույցին միանում է Գայանեի մայրը՝ Ալլա Աբգարյանը, ով ամուսնու եւ որդու ընտանիքի հետ Զովունիում բնակվում է երկսենյականոց տան մեջ:

անապահով ընտանիք

Գայանեն դարձյալ լարված է մեր զրույցի ընթացքում: Ձեռքերն իրար մեջ է առել, եղունգների վարդագույն ներկը կիսաթափված է:

Մայրն ասում է՝ աղջիկը սիրահարվեց Զովունիում, 18 տարեկանում էլ փախցրեցին: Գայանեն էլ ասում է, որ ամուսնու ընտանիքը բազմանդամ է՝ 13 երեխա են՝ 8 աղջիկ եւ 5 տղա: Քանի որ այնտեղ բնակվելու համար արդեն տեղ չկար, ստիպված վարձով են ապրել ու անընդհատ տեղից տեղ են տեղափոխվել:

անապահով ընտանիք

Նախորդ տարվա դեկտեմբերից Գայանեն ամուսնու ու երեխաների հետ վարձով բնակվում է Զովունիում, ամսական 50 հազար դրամ վարձ են տալիս: Մինչ այդ  4 ամիս աշխատել են Գավառում: Ամուսինն օրավարձով անասուն էր պահում, Գայանեն էլ օրական 60 կով էր կթում՝ ամսական 50 հազար դրամի դիմաց:

27-ամյա մայրն ասում է, թե երբ մարդիկ իմանում են, որ 5 երեխայի հետ են վարձակալելու տունը, հրաժարվում են գործարքից: Ներկա տունը վարձակալելիս ստիպված թաքցրել են 5 երեխա ունենալու փաստը:

անապահով ընտանիք

Գայանեն հիմա չի աշխատում, ամուսինը դարձյալ օրավարձով անասուն է պահում՝ օրական 4-5 հազար դրամով: «Ամուսնուս աշխատածով ուտելիք էինք առնում, իմ աշխատածով տան վարձն էինք տալիս, հիմա որ չեմ աշխատում, էրեխեքին սոված թողնելով, մի կերպ տվել ենք վարձը, բայց տանտերն ասել ա, որ ազատենք տունը: Երկու օր ժամանակ ա տվել, իսկ մենք ոչ մի տեղ չունենք գնալու»,- ասում է Գայանեն: Ապրիլ եւ մայիս ամիսների վարձը չեն կարողացել վճարել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։