Սպանություն «Հաղթանակ» թաղամասում. խոհանոցում հայտնաբերվել է նախկինում դատապարտված, 36-ամյա տղամարդու դի

Սպանություն «Հաղթանակ» թաղամասում. խոհանոցում հայտնաբերվել է նախկինում դատապարտված, 36-ամյա տղամարդու դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասի (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղ) Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Լյուդվիգ Հարությունյանի, Սամվել Միքայելյանի և Ազատ Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ովքեր սահմանազատել են տարածքը:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի երկհարկանի տան առաջին հարկում գտնվող խոհանոցում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի արյունոտված դանակներ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր: Նշված վայրից Երևանի գնդի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է սպանություն կատարելու մեջ:

Նրա հագուստի և դեմքին վրա կային արնանման հետքեր: Տեղում Մալաթիայի քննչական բաժնի պետ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար նշանակված Լ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:

Խոհանոցում քննչական խումբը հայտնաբերել է արյունոտված մի քանի դանակներ, փոքր «չափաջաղ»: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատվել: