Սպանություն Կոտայքի մարզում․ Հրազդանի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի

Սպանություն Կոտայքի մարզում․ Հրազդանի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 93 շենքի 43 բնակարանում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մաթևոսյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ասատրյանն ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը։

Ոստիկանները նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 74-ամյա Լյուբով Վ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերին կան հարվածների հետքեր, ինչը ենթադրում է, որ նա ծեծի է ենթարկվել։

Օպերատիվորեն ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Աշոտ Խաչատրյանը, Արմեն Իսկանդարյանը և ավագ քննիչ Արթուր Մինասյանը։

Դեպքի փաստով, սպանություն հատկանիշներով՝ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․

«Գիտենք, որ սպանություն է տեղի ունեցել։ Ու լսել ենք, որ ոստիկանները, ոնց որ թե՝ ենթադրյալ կատարողին կամ կատարողներին հայտնաբերել են ու տարել Հրազդանի ոստիկանություն։

Ու վստահ ենք՝ զարհուրելի սպանությունը կբացահայտվի, ու մենք էլ կիմանանք, թե ով կամ ովքեր ու ինչի համար են ծեծելով մահվան դուռը հասցրել 74-ամյա կնոջը»։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։