Սպանություն՝ Վանաձորում. 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատուն

Սպանություն՝ Վանաձորում. 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատուն

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Արայիկ Վ-ից, ով հայտնել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերել է մոր՝ 82-ամյա Էֆրիդա Գրիգորյանի դին՝ երակները կտրած վիճակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մայրը ինքնասպան է եղել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մկրտչյանի և ավագ քննիչ Այվազյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Լոռու մարզի դատախազի տեղակալ Մինասյանն ու ավագ դատախազ Քոթանջյանը։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, այնուհետև տանելով բացատրական աշխատանքներ, հասնում են արդյունքի, որ Արայիկ Վ-ն հայտնում է դեպքի որոշ հանգամանքներ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում։ Դեպքի վայրից ոստիկանները Լոռու մարզային վարչության պետի ու Բազումի ոստիկանապետի հանձնարարականով Բազումի բաժին են տեղափոխում նույն հասցեի բնակիչ՝ 18-ամյա Անդրանիկ Վ-ին։

Պարզվում է, որ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է սպանվածի, ով իր տատն է, աջ ձեռքի դաստակի շրջանին, ինչից հետո տատը վայր է ընկել։ Որոշ ժամանակ անց նա տատուն բարձրացրել է գետնից և տեղափոխել ու պառկացրել նույն սենյակի անկողնու վրա՝ դանակը դնելով տատու աջ ձեռքի մեջ, այնուհետև դուրս է եկել տանից, զանգահարել իր մորը և դեպքի վերաբերյալ պատմել որոշ մանրամասներ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անդրանիկ Վ-ն, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, որը քննիչն առգրավել է։