«Սպայկա» ընկերության տնօրենին ազատ կարձակեն. վճարել է 1 միլիարդ դրամ

«Սպայկա» ընկերության տնօրենին ազատ կարձակեն։ Նրան կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են։ Այս մասին հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակում նա միասնական հաշվեհամարին վճարել է 1 միլիարդ ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին»,– նշված է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։ Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

«Սպայկա» ընկերության հիմնադիր–տնօրեն Դավիթ Ղազարյանի ապրիլի 8-ին ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց էր կիրառել կալանավորումը։