«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ից «Նաիրի» ԲԿ տեղափոխված հիվանդներից մեկը կոմայի մեջ է եղել և կարճ ժամանակ անց՝ մահացել

Կիսվիր ընկերներիդ հետ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ից «Նաիրի» ԲԿ տեղափոխված հիվանդներից մեկը կոմայի մեջ է եղել և կարճ ժամանակ անց՝ մահացել

Factor.am-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 2-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից չորս պացիենտ տեղափոխվեց Նաիրի բժշկական կենտրոն։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Գրիգոր Լուսավորիչը» վերապրոֆիլավորվեց և այս օրերին կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին պետք է սպասարկի։ Չորս պացիենտներից մեկի մոտ կարճ ժամանակ անց մահ արձանագրվեց։

Factor.am-ի տեղեկություններով՝ մահն արձանագրվել է հիվանդի տեղափոխումից 40 րոպե անց։ Լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ։

«Եղել են ծայրահեղ ծանր և միջին վիճակում գտնվող հիվանդներ։ Այստեղից նորմալ տեղափոխումն իրականացվել է։ Իսկ թե երբ է մահացել պացիենտներից մեկը՝ նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,-ասաց խոսնակը։

Կապ հաստատեցինք Շտապօգնության ծառայություն հետ՝ ճշտելու, թե հնարավո՞ր է՝ պացիենտի մահը վրա է հասել տեղափոխման ճանապարհին։

Այստեղից մեզ ասացին, որ տեղափոխումը բարեհաջող իրականացվել է, որևէ խնդիր չի եղել։ Factor.am-ը զրուցեց «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայությունների ղեկավար, ՀՀ գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու հետ։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ մահացած հիվանդը ծանր վիճակում է եղել՝ կենտրոն տեղափոխվելու ժամանակ։

«Մեր կենտրոն ընդունվելուց մոտ 2 ժամ անց է հիվանդը մահացել։ Նա բարձր տարիքի տղամարդ էր և մոտ 20 օր «Գրիգոր Լուսավորիչ»-ում կոմայի մեջ է գտնվել։ Դա անդարձելի կոմա էր և այդ մահը սպասելի էր։ Մեզ «Գրիգոր Լուսավորիչ»-ից զգուշացրել էին այդ հիվանդի մասին»,- նշեց Գնունին։

Նա շեշտեց, որ հիվանդի մոտ սրտի ռիթմի խանգարում է եղել, շաքարային դիաբետ։ Անեսթեզիոլոգի խոսքով՝ հիվանդն այդպես էլ կոմայից դուրս չի եկել։ Մենք կրկին կապ հաստատեցինք «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ փորձելով հասկանալ, թե կոմայի մեջ գտնվող հիվանդին արդյո՞ք թույլատրվում էր տեղափոխել։

ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանը, սակայն, պնդեց, որ կոմատոզ վիճակում գտնվող պացիենտ իրենց մոտից չի տեղափոխվել։ Նաեւ հարկ համարեց հավելել, որ ընդհանուր առմամբ, հիվանդի տեղափոխման պատասխանատվությունը կրում է տեղափոխող բժիշկը։

«Եվ եթե ռեանիմոբիլը տարել է, մնացյալ պատասխանատվությունն իրենց վրա է»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում