Սյունիքի մարզում հրկիզել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին

Սյունիքի մարզում հրկիզել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում գտնվող «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ում հրդեհ է է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 հաշվարկ, ովքեր նախ կանխել են կայանված 2 ավտոմեքենաներում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, այրվել է Հարթաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Արմեն Դավթանին պատկանող КамАЗ-5511 մակնիշի և Գորիսի բնակիչ, 31-ամյա Առուշ Առուշանյանին պատկանող ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների, Ա. Դավթյանին պատճառվել է 1 միլիոն դրամի գույքային վնաս, իսկ Ա. Առուշանյանին՝ մոտ 800 հազ. դրամի: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, հրդեհի նախնական պատճառ է հանդիսացել նշված ավտոմեքենաները հեղուկ վառելիքով՝ բենզինով, դիտավորյալ այրելը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, բարեբախտաբար՝ տուժածներ չկան:

Ոստիկանության Գորիսի բաժնի կողմից նշանակվել են դատաապրանքագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային համալիր փորձաքննություններ, հրդեհի փաստով էլ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Առուշանյանը վերջերս Գորիսի ընտրված քաղաքապետն է, ով գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: