Սյունիքից գյուղ առ գյուղ հանձնվում է թշնամուն. Քարահունջի գյուղապետ

Սյունիքից գյուղ առ գյուղ հանձնվում է թշնամուն. Քարահունջի գյուղապետ

168.am-ը գրում է․ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում բնակիչները դեռ անորոշության մեջ են, չգիտեն՝ գյուղի ո՛ր հատվածն է անցնելու թշնամու հսկողության տակ։ Նրանք թակել են Կառավարության, Պաշտպանության նախարարության դռները, որպեսզի հասկանան, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց, սակայն ապարդյուն։

168.am-ի հետ զրույցում Քարահունջ գյուղի ղեկավար Լուսինե Ավետյանն ասաց, որ իրենց քարտեզ չեն տրամադրում, որպեսզի տեսնեն, թե գյուղի որ հատվածում է տեղակայվելու թշնամին կամ թշնամին տներից ինչ հեռավորության վրա է լինելու։

«Ես՝ որպես գյուղապետ, այդ սահմանազատման գործընթացին չեմ մասնակցում՝ թույլ չեն տալիս, ռուսը, թուրքը ու ինչ-որ հանձնաժողովի անդամներ են մասնակցում, և մեզ տեղյակ չեն էլ պահում, թե ինչ արեցին կամ ինչ է սպասվելու։ Բնակիչներն էլ իմ հետ, այսպես անորոշության մեջ, մեր օրերն անցկացնում ենք»,- շեշտեց նա։

Նա նշեց, որ իրադարձությունները վերլուծելով՝ հասկանում է, որ Սյունիքից գյուղ առ գյուղ հանձնվում է թշնամուն, Շուռնուխը հանձնելուց հետո, վստահ է, որ իրենց գյուղին էլ է հերթը հասնելու։

«Չգիտեմ՝ ինչ ասեմ, երևի հերթը դեռ մեր գյուղին չի հասել։ Հուսամ՝ քանի դեռ թշնամին չի եկել, ասել՝ այս կամ այն տունը թողեք, դուրս եկեք, մի բան կփոխեն, չգիտեմ, ես դեռ սպասում եմ, որ բան կփոխվի։

Չնայած, ըստ մեզ հասած տեղեկությունների, այգիներ կան, որոնք անցնելու են ադրբեջանական կողմին, «Քարահուջ» ՀԷԿ-ի մի մասը ու մի քանի շենքեր։ Սպասենք, տեսնենք՝ այս անորոշ վիճակն ինչպես կավարտվի»,- եզրափակեց Լուսինե Ավետյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում