« Սիրուն լինելը պատիվ է ինձ համար». աֆրոամերիկացու արտաքինով հայուհին՝ իր գեների, ընտանիքի մասին

Սիրուն լինելը պատիվ է նրա համար, որովհետև նա երկու ռասաների ներկայացուցիչ է՝ իր առավելություններով ու թերություններով: Այն, որ երկու տարբեր մայրցամաքից երկու տարբեր մարդ միավորվել են, ու այդ միությունից ծնվել է հենց ինքը, Աստծո կողմից տրված մի փոքր առավելություն է համարում: Ծանոթացեք, 28-ամյա Սիրուն Մինասն է։ Թերևս միայն նրան ճանաչողները գիտեն, որ Սիրունը հայի գեներ ունի, հրաշալի տիրապետում է հայերենին ու պաշտում Հայաստանը: Blognews-ի օբյեկտիվի առջև այս անգամ աֆրոամերիկացու արտաքինով հայուհին է:

«Հայրս հայ է, ժամանակին բնակվել է Հնդկաստանում, մայրս` նիգերիացի։ Հայրս բժիշկ է ու մեկնել էր Նիգերիա՝ աշխատելու, որտեղ էլ հանդիպել է մայրիկիս: Ես ու եղբայրներիցս մեկն այնտեղ ենք ծնվել, հետո ընտանիքով տեղափոխվել ենք Հայաստան ու բնակություն հաստատել Մեղրիում․ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարությունը հորս առաջարկում է հիվանդանոց բացել սահմանամերձ Մեղրիում, ու մենք տեղափոխվում ենք այնտեղ»։

Սիրունը հետաքրքիր ու վառ  հիշողություններ ունի՝ կապված Մեղրիի հետ, սակայն հաճախ չի հասցնում լինել այնտեղ. «Մեղրիից մեկ-երկու կիլոմետր հեռու արդեն Պարսկաստանն է, ու ինձ համար մինչև հիմա էլ վառ են պարսկական գեղեցիկ այգիների պատկերները։

Իմ մանկության համը եղել է Մեղրիի արևահամ դեղձը։ Մեղրիում մանկություն ունենալը շատ հետաքրքիր է։ Մայրաքաղաքում այդքան պահպանված չէ դրսում հողերի հետ խաղալու, առօրյայից զրուցելու համար հետաքրքիր ու տաքուկ մի տեղ հավաքվելու կոլորիտը։ Մանկության բոլոր հետաքրքիր խաղերը խաղացել եմ ու հիմա էլ շատ կարոտում եմ այդ պարզ ու անհոգ օրերը»։

Սիրուն Մինասյան

Ոչ ստանդարտ արտաքինը, Սիրունի խոսքով, ստիպել է շատերին, որ հետաքրքրությամբ վերաբերվեն իրեն ու փորձեն ծանոթություն հաստատել, շփվել. «Շատերի համար մեր մաշկի գույնը տարօրինակ էր, նույնիսկ երեխաների համար։ Չհասկացված լինելը շատերի մոտ բացասական ռեակցիա էր առաջացնում դեպի մեզ, բայց դե ժամանակի ընթացքում սովորում ենք դրան։

Հիմա մեծ մասամբ միայն դրական է վերաբերմունքը։ Եթե այն ժամանակ Հայաստանի համար կար մեկ սևամորթ կին, որը իմ մայրն էր, հիմա արդեն թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ սոցցանցերում մարդիկ տեսնում են, որ դա ինչ-որ արտասավոր ու տարօրինակ երևույթ չէ»։

Սիրունն ունի 2 եղբայր և 1 քույր. «Ամեն մեկս մեր գործի մեջ փորձում ենք լինել հնարավորինս լավը: Ես մեծն եմ, ինձ հաջորդող եղբայրս աշխատում է «Յանդեքսում»՝ որպես տարածքային զարգացման մենեջեր: Փոքր եղբայրս անիմատր է, սովորում է Թատերական ինստիտուտում։ Քույրիկս՝ Սառան, դեռ դպրոցական է, ու նրա համար ամեն ինչ դեռ առջևում է»։

աֆրոամերիկացու արտաքինով հայուհի

Տանը խոսում են և՛ հայերեն, և՛ անգլերեն․ ասում է Սիրունն ու ավելացնում, որ այնքան էլ դժվար չէ պահպանել մշակույթների առանձնահատկությունները. «Փոքր ժամանակ մեր ընտանիքում կանոն կար, որ տանը միայն անգլերեն պետք է խոսեինք, որովհետև եկել էր մի շրջան, երբ մենք երեխաներով անգլերենը մոռացել էինք հայերեն սովորելու պատճառով։ Իսկ արդեն դրսում միայն հայերեն էինք խոսում։ Մայրիկս էլ է հայերեն լավ խոսում»։

Քանի որ Սիրունի հայրը ծնվել ու մեծացել է Հնդկաստանում, նրանց ընտանիքում կա նաև երրորդ՝ հնդկական մշակույթը: Սիրունի խոսքով՝ դեպի Հնդկաստան ճամփորդությունների ժամանակ մայրիկը սովորում էր նաև այնտեղի ուտեստները պատրաստել. «Այդպես մի օր նիգերիական, մի օր հնդկական, մի օր հայկական ուտելիք էինք փորձում: Մշակութային ու խոհանոցային բազմազանությունը քեզ թույլ է տալիս լայն միտք ունենալ»:

Սիրուն Մինասյան

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյու կայքում։