Սիմոն Մարտիրոսյանն անհաջող հանդես եկավ․ նա հրում վարժությունում զրո ստացավ

Սիմոն Մարտիրոսյանն անհաջող հանդես եկավ․ նա հրում վարժությունում զրո ստացավ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժության առաջին երկու մոտեցումներում Մարտիրոսյանը չբարձրացրեց 190 կգ, այնուհետ երրորդում կարողացավ գլխավերևում պահել 190 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում նա զրո ստացավ` երեք մոտեցմամբ չբարձրացնելով 227 կգ:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Աշխարհի (2018, 2019) և Եվրոպայի (2017, 2019) առաջնությունների կրկնակի չեմպիոն է: 109 կգ քաշային կարգում բոլոր ռեկորդները պատկանում են Մարտիրոսյանին:

Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, մասնակցում է 14 մարզիկով: