Սիլվա Հակոբյանի նոր տեսահոլովակի գլխավոր դերերում՝ երգչուհու ամուսինն է (Լուսանկար)

Երգչուհի Սիլվա Հակոբյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի իր երկրպագուների դատին, որի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին ու պատմել, որ տեսահոլովակում նկարահանվել է ամուսինը` Նորայրը։

«Հարբել եմ» կոչվող երգը երկիմաստ խորագիր ունի. Սիլվան նկատեց, որ այս դեպքում խոսքը թե՛ սիրուց, թե՛ գինուց արբելու մասին է։ Երգը գրել է Սիլվայի քույրը՝ Մանեն, գործիքավորումն արել է եղբայրը` Էդգարը, ինչպես երգչուհին նշեց, made in Հակոբյաններ:

«Պարային երգ է հարսանեկան թեմայով, սակայն տարբերվում է հարսանեկան մյուս երգերից, այդ թվում՝ իմ երգացանկի ստեղծագործություններից, որովհետև էթնիկ ոճի մեջ է»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ երգի առաջին ունկնդիրները ցանկություն են հայտնել երկրորդ, երրորդ, չորրրոդ անգամ լսել այն, ինչը ոգևորել է իրեն։ Սիլվան ենթադրում է, որ նոր կատարումը հիթային ու հիշվող է։

Տեսահոլովակը նկարահանել են Գյումրիում` Ձիթողցոնց տուն-թանգարանում։ «Շատ հետաքրքիր տեղ էր, որտեղ ժամանակին բնակվել են Գյումրու հարուստ մարդիկ, իսկ երկրաշարժից հետո այնտեղ ապաստան են գտել տունը կորցրած շատ ընտանիքներ։ Մենք ուզում էինք ստանալ հին ու նոր հարսանեկան իրականություն` համադրել մոդեռնն ու էթնիկը, այդ իսկ պատճառով նկարահանումն այնտեղ արեցինք։

Շատ ուրախ եմ, որ ռեժիսոր Արթուր Մանուկյանի շնորհիվ կարողացանք գտնել նման տեղ ու ստանալ այն, ինչ ուզում էինք։ Նայելիս Փարաջանովի շունչ ես զգում»,– ասաց նա։ Տեսահոլովակում Սիլվան ներկայանում է հարսի կերպարով, փեսային մարմնավորում է ամուսինը` Նորայրը։ «Նորոյին ներգրավելը ռեժիսորի մտահղացումն էր։ Սկզբում, երբ տարբերակներ էինք քննարկում, իր մասնակցության հարցը նույնիսկ չկար, սակայն Արթուրն առաջարկեց իր թեկնածությունն ու որոշեցինք փորձել։ Նորոն չէր ցանկանում նկարահանվել, քանի որ խուսափում է տեսախցիկներից, սակայն այլ ելք չկար։

Իհարկե, եթե շատ սկզբունքային հարց լիներ, չէի փորձի համոզել։ Ռեժիսորի համար մի փոքր բարդ էր աշխատել իր հետ, որովհետև նա բնույթով դերասան չէ, տեսախցիկի հետ աշխատելու փորձ չունի,– ասաց երգչուհին, ում աշխատանքը, սակայն, բավականին հեշտացել է։ –Որքան էլ ջանաս խաղալ, իրական սերը միշտ տարբերվում է։ Այս դեպքում տեսահոլովակը շատ ավելի զգացմունքային է ստացվել։

Ինձ համար շատ ավելի հեշտ էր սեր ներկայացնել Նորայրի հետ։ Շատ ավելի ազատ էի իմ շարժումներում, զգացմունքներս արտահայտելու հարցում, ինչը երևում է տեսահոլովակում»։

Սիլվան գիտակցում է, որ շատ դեպքերում հանրությանն ավելի շատ հետաքրքիրում է հայտնի մարդու անձնական, քան գործնական կյանքը։ Կարծում է` այս փաստը կազդի տեսահոլովակի շուրջ հետաքրքրության վրա, միաժամանակ շեշտում, որ Նորային ներգրավելու միտումը դա չի եղել։ «Սա կարելի է նաև սիրո փոքրիկ պատմություն համարել այն մարդկանց համար, ովքեր այդպես էլ չտեսան իմ հարսանիքը»,– նկատեց նա։

Երգչուհին հայտնեց, որ տեսահոլովակում իրենցից բացի շատ հերոսներ կան, որոնց հետ մանրակրկիտ աշխատանք են արել։ Տեսահոլովակի հերոսների ոճով զբաղվել է Արմեն Գալյանը, Սիլվան աշխատել է իր հիմնական թիմի հետ. «Իմ թիմում ինձ արդեն հարազատ մարդիկ են ընդգրկված, ինչը շատ կարևոր է։ Ինչպես ընտանիքիս անդամներն են ինձ շատ լավ ճանաչելով ինձ համապատասխան երգեր գրու, այնպես էլ թիմիս մյուս անդամներն են արագ ու ինձ հարմար լուծումներ գտնում բոլոր իրավիճակներում»։

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանել
Loading...