«Սթափվեք, ուշքի եկեք, այսպիսի շանս Հայաստանը չի ունենալու». Արման Բաբաջանյան

«Սթափվեք, ուշքի եկեք, այսպիսի շանս Հայաստանը չի ունենալու»։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը պետք է շնորհակալ, նույնիսկ երախտապարտ լինի Վենետիկի հանձնաժողովին, որովհետև անհետևողական և ապաշնորհ լինելու պատճառով վեթինգը և անցումային արդարադատությունը վերջնականապես տապալելուց հետո այդ հարցում համախոհ միջազգային գործընկեր ունի։

Քանիցս ասացինք, զգուշացրինք, որ այսպես շարունակել չի կարելի, այսպես գործել չի կարելի։ Չլսեցիք, ականջալուր չեղաք, գնացիք ամենավտանգավոր, անխոհեմ ճանապարհով։

Հայաստանն այս փուլում կորցրեց միջազգային սկզբունքներին համապատասխան, բայց միևնույն ժամանակ Հայաստանի արդի ազգային կարիքների համար տեղայնացված անցումային արդարադատության և մասնավորապես վեթինգի մոդելի մշակման շանսը։

Շնորհակալ եղեք Վենետիկի հանձնաժողովին և այս հարցում ձեր գործընկեր Գագիկ Հարությունյանին և Վարդան Պողոսյանին, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանի ամենակոռումպացված դատական համակարգը զրկվի առողջանալու հնարավորությունից։

Շնորհակալ եղեք ԲԴԽ հաջորդ նախագահ Ռուբեն Վարդազարյանին և մյուսներին, ովքեր ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չեն կարող վեթինգ իրականացնել, որովհետև ցանկացած շարքային դատավոր, ով վարչապետի մայիսի 20-ի հայտնի ելույթից հետո վաղուց պետք է դիմումը գրած հեռացած լիներ համակարգից, ԲԴԽ այս կազմին հարց կտա՝ а судьи кто?.

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային, թեև իշխանության կարկառունները արդեն մի քանի օր է վախենում են իրերը կոչել իր անունով։ Մի ուրացեք Վահե Գրիգորյանին, մի ձևացրեք, թե չեք կարդացել նրա նամակը։ Ձեր վախերի բանալին և իրավիճակի հանգուցալուծումը երեկ այդ նամակի մեջ էր, այսօր՝ արդեն չգիտեմ։

Ձեր ապիկարությունը սահմաններ չունի, ձեր պորտաբուծության պատճառով երկրի ղեկավարի՝ վարչապետի խոսքը, խոստումը, հանձնառությունն եք նսեմացրել, ոտքի տակ տվել։

Այս բոլորի արդյունքում Հայաստանի ժողովրդի հավաքական կամքով բանտում հայտնված ոճրագործի շուրջ զարգացումները միջազգային ատյաններում և կազմակերպություններում Հայաստանի ապագայի համար վտանգավոր ելքեր կարող են ապահովել. սա որպես զգուշացում։

Ավելի եմ հակվում այն համոզմանը, որ այդ գոյաբանական վտանգների ժամանակ, երբ Հայաստանի և Արցախի գլխին կախվեն էքզիստենցիալ վտանգներ, ձեր մեծ ու հոծ, բայց անդեմ ու անբովանդակ խումբ/խմբերից մի ամբողջ տասը մարդ չի մնա հրապարակ/ճակատային գծում։

Սթափվե՛ք, ուշքի եկեք, այսպիսի շանս Հայաստանը չի ունենալու, այսպիսի հնարավորությունից Հայաստանին զրկելը ձեզ չի ներվելու»: