Սեփական տանը հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու կիսամոխրացած դի

Սեփական տանը հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու կիսամոխրացած դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վոլոդյա Գևորգյանը։

Ոստիկանների ահազանգով ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարներն ու ոստիկանները նշված փողոցի 17 տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 65-ամյա Մարկոս Գրիգորյանի կիսաայրված դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահճակալին պառկած է եղել, և վառած ծխածոտի պատճառով կրակ է առաջացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետը և «Արմավիր» բժշկական կենտրոնի դատաբժիշկը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայկ Մնացականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Փրկարարներն ու ոստիկանները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը միայնակ էր բնակվում։