Սերժ Սարգսյանը մերժել է Մխիթար Հայրապետյանի հրավերը

Սերժ Սարգսյանը մերժել է Մխիթար Հայրապետյանի հրավերը․ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մի քանի օր առաջ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Նա այդ պաշտոնում փոխարինում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հարցին ի պատասխան Մխիթար Հայրապետյանն ասաց, որ առաջարկը ստացել է Երևանի ֆեդերացիայի անդամներից:

«Մեկ ամիս առաջ առաջարկ եմ ստացել շախմատի Երևանի ֆեդերացիայի անդամներից, որովհետև վերջին 1,5 տարիների ընթացքում աշխատանքները խաթարված էին ու փոփոխությունների անհրաժեշտություն կար: Սիրով համաձայնել եմ ստանձնել այդ պատասխանատվությունը: Կարծում եմ, որ առաջիկայում առիթ կլինի մանրամասն ներկայացնել մեր ծրագիրը, և ես կներկայացնեմ, թե ինչպես եմ ներգրավված լինելու ֆեդերացիայի աշխատանքներում»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ղեկավարում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ հարկ եղած դեպքում ինչպես է աշխատելու Սերժ Սարգսյանի հետ:

«Երևանի շախմատի ֆեդերացիան անկախ հասարակական կառույց է, անկախ ծրագրով, ռազմավարությամբ, խորհրդի անդամներով ու բյուջեով: Որևէ առումով այլ ՀԿ-ների հետ կապ չունի, ինչպես օրինակ՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիան է: Անկախ իրավաբանական մարմին է: Առիթի դեպքում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ աշխատել ենք, որպես սպորտի ոլորտը համակարգող հանձնաժողով:

Մեկ շաբաթ առաջ ես Սերժ Սարգսյանին, որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, հրավիրել էի մասնակցել մեր հանձնաժողովում կազմակերպված շախմատ առարկայի վերաբերյալ քննարկմանը, բայց նա չի եկել»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Աղբյուր՝ factor.am