Մշակույթ

Սերգեյ Փարաջանով․ կինոյի պատմության ամենաբացառիկ անհատականություններից

Սերգեյ Փարաջանովը հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ էր։ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Լիարժեք անունը՝ Սարգիս Հովսեփի Փարաջանյան։

Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։

Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակաց տուն։ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, ով անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակական տան համար։ Աղջիկներին բերում էին Ֆրանսիայից։

1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Սերգեյ Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։

Մինչև 1963թ.-ը Սերգեյ Փարաջանովը նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական, և 3 վավերագրական ֆիլմեր, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում: 1964թ-ին «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում:

Սակայն Փարաջանովի կյանքի տարօրինակությունը կայանում է նրանում, որ այն պահից, երբ նա դառնում է հայտնի սկսվում են նրա դժբախտությունները: 1965-ին նա սկսում է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելվում է։ 1966թ-ին նրան հրավիրում են Հայաստան որտղ սկսում է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը:

Սերգեյ Փարաջանովի ամենաբացառիկ գործերից է «Նռան գույնը» ֆիլմը

nran guyn

Մեծ ոգևորությամբ նա նկարահանում է այդ ֆիլմը, որը դարձավ նրա լավագույն ֆիլմը: Ֆիլմը մեծ դժվարություններով դուրս եկավ էկրան «Նռան գույնը» անունով: Դրանից հետո Սերգեյ Փարաջանովը 15 տարի վտարվեց կինոյից:

Սերգեյ Փարաջանովը կինոյի պատմության ամենաբացառիկ անհատականություններից էր եւ Խորհրդային Միության հռչակավոր կինոռեժիսորներից։ Նրա հետաքրքրությունն էզոթերիզմի նկատմամբ եւ նվիրումն արվեստին ձեւավորել են իր ֆիլմերի ցայտուն պատկերայնությունը, ինչի շնորհիվ էլ Փարաջանովը միջազգային հռչակ է ձեռք բերել։

Սերգեյ Փարաջանովի ամենաբացառիկ գործերից է «Նռան գույնը» ֆիլմը, որը պատմում է հայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Սա կարող էր լինել նրա գլուխգործոցը՝ ֆիլմ, որը կփոխեր իր կյանքի ողջ ընթացքը։ Այն հարուստ էր հայկական ինքնությունն արտացոլող տեսարաններով։ Փարաջանովն իր ֆիլմի պատկերագրության մեջ զգալիորեն տուրք է տվել ազգային զգացմունքներին, ինչի հետեւանքով խորհրդային իշխանությունները կոշտ գրաքննության ու խմբագրման են ենթարկել այլն, եւ էկրան է բարձրացել հեղինակային գործի լոկ ստվերը։ Փարաջանովը հետագայում բանտարկվել է՝ մեղադրվելով ամենաբազմազան հանցանքների համար, եւ չորս տարի անցկացրել գուլագում։ 

Գուլագում բանտարկության տարիներին Փարաջանովը հարկադրված էր պարկեր կարել։ Ավելացած լաթի կտորներից նա սկսում է տիկնիկներ պատրաստել, որոնցից մեկը պատկերում էր եգիպտական փարավոն Թութանհամոնին։

Կինեմատոգրաֆ նրան չէին կանչում, թեև անգործության տարիներին՝ 1968-1982 թվականներին, 17 սցենար էր գրել, սակայն դրանցից ոչ մեկը պահանջարկ չուներ։ Սերգեյ Փարաջանովը հազվադեպ Կիև էր մեկնում՝ որդուն՝ Սուրենին այցելության, ով սովորում էր ճարտարագիտական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։

parajanov 3

1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։ Փարաջանովի դեմ մեղադրանքը հապճեպությամբ էր կառուցվել և մեծ հաճախականությամբ փոփոխվում էր։ Մեկ նրան մեղադրում էին դրամաշորթության, մեկ եղեկեցիներ կողոպտելու (նա հավաքում էր սրբապատկերներ), մեկ կաշառակերության մեջ։ Վերջապես կանգ առան հոմոսեքսուալության վրա։ Գտնվեց մեկը, ով Փարաջանովի դեմ վկայություն էր տալու։

Սերգեյ Փարաջանովին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման և սկզբից ուղարկեցին Վորոշիլովգրադի բանտերից մեկը, այնուհետև՝ Վիննիցա։ Բանտից նա նամակներ էր գրում իր հարազատներին, ընկերներին, ծանոթներին։ Քրոջ՝ Աննայի 14-ամյա որդուն՝ Գեորգի Խաչատուրովին, գրված նամակից (1974)․

Թբիլիսիում շոգ է, իսկ այստեղ՝ անձրևներ։ Խոնավ է։ Ոտքերիս մաշկն ամբողջովին պատված է բորբոսով և այտուցներով։ Բանտում 1500 բանտարկյալ կա, ով ամենաքիչը 3 դատվածություն ունի։ Ինձ շրջապատում են արյունոտ ճակատագրեր, շատերը կորցրել են մարդկային կերպարանքը։

Ինձ գիտակցաբար են գցել հենց այստեղ, որպեսզի նրանք ոչնչացնեն ինձ։ Գողական լեզվին չեմ տիրապետում, դաջվածքներ չունեմ։ Նրանք ատում էին ինձ, կարծում էին, թե ինձ հատուկ են իրենց մոտ ուղարկել, որպեսզի բանտի կյանքն ուսումնասիրեմ և ֆիլմ նկարահանեմ։ Սակայն, փառք Աստծո, հավատացին ինձ։ Շատերն են ապաշխարում․․․ Հաճախ եմ փքվում սովից։

parajanov

Լիլիա Բրիկը (Վ․ Մայակովսկու նախկին սիրուհին, ով գործուն մասնակցություն է ունեցել Փարաջանովի կյանքում) ինձ երշիկ և ֆրանսիական կոնֆետներ է ուղարկել, սակայն ամբողջը կերան բանտի պետն ու բանտապահը, ինձ մնաց միայն հոտոտել փաթեթավորումը։ Արտադրամասում աշխատում եմ որպես հավաքարար։ Վերջերս ոմն մեկը դիտմամբ ջուր էր բաց թողել այնտեղ։

Ամբողջ գիշեր, կանգնած սառը ջրում, դույլերով ջուր էի հանում։ Արյուն եմ թքում։ Մի՞թե սա է իմ վերջը․․․ Կարոտում եմ ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ, ահավոր է։ Գրիր մանրամասն։ Յուրաքանչյուր նամակ, որ ստանում եմ, թթվածնի կտոր է ինձ համար։ Փայփայիր կյանքդ, ծնողներիդ և պատիվդ։ Հիմարություններ մի՛ արա։ Ամեն ինչ պատժվում է։

Չորս ծանրագույն տարի բանտում անցկացրած Փարաջանովին ազատ արձակեցին միայն այն բանից հետո, երբ Խորհրդային Միություն այցելած ֆրանսիացի գրող Լուի Արագոնն անձամբ խնդրեց Բրեժնևին (ի դեպ, Կենտկոմի գլխավոր քարտուղարին ոչինչ չասաց Փարաջանովի անունը, և ենթակաները նրան տեղեկացրին, որ վերջինս կինոռեժիսոր է): 

parajanov 2

Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Սերգեյ Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ.-ին նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցը» լեգենդը (1984), (1988), որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն են։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով: Վերջին գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։

Երևանի Կինոյի տանը ժամանակավորապես տեղադրվել է Սերգեյ Փարաջանովի արձանը: Այն հետո տեղափոխվելու է շենքի դիմաց, արվեստագետներով լի մի նոր պուրակում: Մետաղյա այդ ստեղծագործության հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է:

segey parajanov ardzan

Սերգեյ Փարաջանովի հարազատ քաղաքում՝ Թբիլիսիում, ցավոք, չի մնացել ոչինչ, որ կարող էր հիշեցնել նրա մասին։ Նրա տունը վաճառվել է ռուս մեծահարուստի, իսկ իրերի, նկարների, գրաֆիկական աշխատանքների ու հանրահայտ գլխարկների պատկառելի հավաքածուն պահպանվում է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում, Երևանում։ 

Սերգեյ Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990 թվականի հուլիսին Երևանում: Անվանի կինոբեմադրիչն ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Սերգեյ Փարաջանովի 15 ամենախորիմաստ մտքերը

1. Մենք մեր սիրո համար ապաստան էինք փնտրում, իսկ ճանապարհը մեզ դուրս բերեց մեռյալների աշխարհ:

2. Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ սիրել:

3. Լիաթոք ուրախացեք, ինչպես ես եմ արել: Հիշելու բան ես ունենում: Այլապես և՛ քեզ կխղճաս, և՛ կյանքդ:

4. Ի՞նչ կյանք է, եթե սկզբունք ու քմահաճություններ չկան:

5. Իմ մեղքը երևի այն է, որ ծնվել եմ:

6. Խեղճ գնչուհի, իր բախտը կորցրած՝ ուրիշինն է գուշակում։

7. Երբ խելացին է քեզ հայհոյում, դա վատ է, իսկ երբ գովաբանում է հիմարը, ավելի վատ է։

8. Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել:

9. Ես խելագար ծերուկ եմ, որը ծաղիկներ է նկարում:

10. Իմ կյանքը նախանձն է առաջ շարժում: Ես գեղեցիկներին նախանձում էի, և գրավիչ դարձա, խելացիներին էի նախանձում, և անկանխատեսելի դարձա:

11. Քեզ ասելու ոչինչ չունեմ. երբ վատ զգաս, հպվիր գորգին, դրա մեջ ջերմություն կա: Դա ես եմ (որդուն է ասել)։

12. Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով։

13. Ես քիչ եմ նկարահանել: Իմ պահարանում 23 չիրականացված սցենար կա: Ինձ համար դժվար է: Բայց ոչինչ: Մենք մեր մահով կտանենք մեր մի մասնիկը, եւ դա գաղտնիքի կփոխակերպվի:

14. Ժամանակը մեծահոգի է ու արդարացի. այն մաքրում է հիշողությունը, դատապարտվածներին ազատում զրպարտություններից ու վիրավորանքներից, հարություն է տալիս մոռացվածներին, դատում անարդարներին:

15. Ես հասկացել եմ, և դա ամենասարսափելին է… Ես հարավն ու արևելքն եմ: Կեղտոտ և մաքուր:

Կիսվել