Մամուլ

Սեպտեմբերի 1-ը՝ ՀՀ նախագահի նստավայրում (լուսանկարներ)

Դպրոցը ոսկե մեդալով ավարտած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր շուրջ էր հավաքել մանուկներին՝ նշելու սեպտեմբերի 1-ը՝ Գիտության և դպրության տոնը:

Նախագահական նստավայրում երեխաների համար տաղավարներ էին տեղադրված, որտեղ երեխաները կարող էին նկարել, ավազից քանդակներ պատրաստել, հետևել հմուտ աճպարարի հնարքներին և այլն:

Արմեն Սարգսյանը միջոցառման սկզբում ծանոթանում էր երեխաների հետ, գրկախառնվում նրանց, ինքնանկարներ անում, հարցնում, թե ով որտեղից է եկել, քանի տարեկան է, ինչ հետաքրքրություններ ունի: Ոմանք Իջևանում գործող «ՍՕՍ մանկական գյուղեր»-ից էին, Նուբարաշենի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ից, իսկ ոմանք էլ՝ Սիրիայից էին վերադարձել Հայաստան և այլևս հետ վերադառնալու մտադրություն չունեին:

Նախագահը հայտնեց, որ այսուհետ ամեն կիրակի երեխաների համար իր նստավայրի այգին բաց է լինելու, որպեսզի առանց մեծերին խանգարելու՝ խաղան, վազվզեն այս ու այն կողմ:

«Այսօր ես չայցելեցի դպրոցներ, այլ երեխաներին հրավիրեցի նախագահական՝ մի քանի պատճառով, որոնցից ամենակարևորն է, որ փոքրիկները կարողանան զվարճանալ: Դպրոցներ ես դեռ կհասցնեմ այցելել: Երկուշաբթի օրը գնալու եմ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր»,- նշեց Արմեն Սարգսյանն ու հավելեց, որ այս միջոցառումից հետո, աշխատանքային այցով գնալու է Արցախի Հանրապետություն, որպեսզի ներկա լինի Արցախի անկախության օրվա տոնակատարությանը:

sargsyan

Լրագրողներից մեկը ՀՀ նախագահին հարց ուղղեց, թե արդյոք մանուկ ժամանակ սիրե՞լ է սեպտեմբերի 1-ը, սակայն նրա փոխարեն «այո՛» պատասխանեց Դավիթ Սահակյանը, ով ապագայում պատրաստվում է նախագահ դառնալ ու փոխարինել Արմեն Սարգսյանին: «Ես սեպտեմբերի 1-ը սիրում եմ, որովհետև դպրոց գնալ եմ սիրում: Ես և՛ կարդալ եմ սիրում, և՛ գրել, և՛ խաղալ»,- ասաց փոքրիկ Դավիթը, ով 6 տարեկան էր և առաջին անգամ պետք է հաճախի դպրոց:

Արմեն Սարգսյանը, թույլտվություն խնդրելով ապագա նախագահ Դավիթ Սահակյանից, ընդգծեց, որ ինքը նույնպես սիրել է դպրոց հաճախել և դպրոցն իր համար մեծ արժեք է ունեցել:

«Երբեք դպրոցում դժվարություններ չեմ զգացել, քանի որ մի փոքրիկ գաղտնիք ունեի, որով ցանկանում եմ կիսվել: Ամռան արձակուրդներին՝ հորս հետ, արագ, այսպես ասած, ուսումնասիրում էինք հաջորդ ուսումնական տարվա դասագրքերը՝ մաթեմատիկայի, աշխարհագրության, հայոց լեզվի: Սեպտեմբերի 1-ին արդեն գրեթե ամեն ինչ գիտեի ու այդ օրն ինձ համար առաջին հերթին ընկերներին հանդիպելու օր էր»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը և հավելեց, որ սովորելու գործընթացը պետք է բնական և հանգիստ լինի:

Armen sargsyan 1

Նախագահն անկեղծացավ և ասաց, որ բոլոր 10 տարիներն էլ գերազանց է սովորել, համալսարանական 5 տարիները նույնպես, ստացել է ոսկե մեդալ, եղել է Լենինյան թոշակառու:

«Երևի լավ օրինակ չեմ»,- կատակեց Արմեն Սարգսյանը և, անդրադառնալով Հայաստանում գործող կրթական համակարգին, նշեց, որ աշխարհում չկա այնպիսի կրթական համակարգ, որն իրեն կբավարարի:

«Մեր կրթական համակարգում կան շատ լավ պետական դպրոցներ, կան նաև լավ մասնավոր դպրոցներ: Մեզ համար, իհարկե, կարևոր է, որպեսզի մեր դպրոցներն ունենան բարձր մակարդակ, որտեղ մեր երեխաներն իրենց ազատ կզգան և հաճույքով կսովորեն»,- շեշտեց ՀՀ նախագահը:

Armen sargsyan 2

Եզրափակելով խոսքը՝ նա ասաց, որ կրթությունն ազատ մտածելու և հենց ազատության ճանապարհն է, ու պետք է ամեն երեխայի մեջ փորձել գտնել իր տաղանդը:

Աղբյուր՝ lurer.com

Կիսվեք էջում