Սեդա Շահնազարյանը առաջին անգամ խոսում է վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու պատճառի մասին

Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ «Շանթ»-ի սերիալներից հայտնի երիտասարդ դերասանուհի Սեդա Շահնազարյանը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Օրեր շարունակ 18-ամյա Սեդան վերակենդանացման բաժանմունքում է եղել: Պատճառի վերաբերյալ այս ընթացքում համացանցում ամենատարբեր վարկածներ շրջանառվեցին:

Այժմ, բարեբախտաբար, նրա վիճակը լավ է. վերադարձել է բնականոն կյանքի, աշխատում է, սովորում, իսկ BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում առաջին անգամ պատմել է, թե իրականում ինչ էր պատահել իրեն:

Պատճառը Սովորական սննդային թունավորում էր, որ կարող է լինել յուրաքանչյուրի հետ եւ որից մարդիկ են մահանում: Պարզ չէ՝ ինչից է եղել թունավորումը, քանի որ ես ե՛ւ դրսի անառողջ սնունդ եմ կերել, ե՛ւ պահածոյացված: Իմ կողքի հիվանդասենյակում ամուսիններ էին պառկած, ովքեր պահածոյացված ուտելիքից էին թունավորվել: Ցավոք, ամուսինը մահացավ: Սկզբում սրտխառնոց եմ ունեցել, մայրս հորդորել է բժշկի դիմել, հրաժարվել եմ, բայց տեսնելով, որ վիճակս աստիճանաբար վատանում է, ինքս խնդրեցի:

Հիվանդանոցում հայտնվելուս մասին շատ տարբեր կարծիքներ եմ լսել, որոնք նախ անտանելի վիրավորում էին ինձ, եւ դա այն ժամանակ էր, երբ նոր էի դուրս գրվել եւ ինձ լիովին հանգիստ էր անհրաժեշտ: Խոսակցություններն ուղղակի աբսուրդի էին հասնում. Մարդիկ, հանգստացեք, ուղղակի սննդային թունավորում էր, որից ոչ մեկս էլ ապահովագրված չենք:

«Պետք է ավելի մաքուր ապրել»

Երկուսուկես ամիս մնացել եմ հիվանդանոցում. շատ բաներ եմ ապրել, որ նույնիսկ թշնամուս չէի ցանկանա: Չեմ ուզում հիշել ու պատմել, պարզապես ուզում եմ մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնել, որ վերջում բոլորս էլ դատաստանի առաջ ենք կանգնելու, եւ պետք է փորձել ավելի մաքուր եւ բարի կյանքով ապրել:

«Մազերիցս հրաժարվեցի եւ սպիեր ունեցա»

Երեք շաբաթ անգիտակից լինելուց հետո, երբ արթնացա, հասկացա, որ մազերս հնարավոր չէ սանրել: Մի գեղեցիկ օր բուժքույրերից մեկին ասացի, որ ուզում եմ կտրենք մազերս, եւ այդ ռիսկային քայլն արեցինք: Շատ սպիեր ունեմ. երկու հատ որովայնիս, մեկ հատ կողոսկրիս, իսկ վզիս հատվածինն արված է եղել՝ շնչառական սարք միացնելու համար, քանի որ թոքերս չէին աշխատում:

Երկրորդ կյանք

Այժմ անցել եմ կյանքի բավական ակտիվ ռիթմի. սովորում եմ Մանկավարժական համալսարանում, աշխատում եմ, նաեւ նոր հետաքրքրություններ ունեմ. պարի եմ հաճախում, նաեւ սիրում եմ միայնակ ֆիլմ դիտելու գնալ: Ցավոք, դեռ նկարահանումներ չկան, հուսամ` շուտով կլինեն: Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արմենիա» ԲԿ-ի բուժանձնակազմին` ինձ երկրորդ կյանք տալու համար, եւ բոլոր այն մարդկանց, ովքեր կողքիս են:

Աղբյուր՝ BRAVO.am