Սա քաղաքական հետապնդում է ՔՊ-ի կողմից․ Տեր Ղազար քահանա «Հրապարակ»

Սա քաղաքական հետապնդում է ՔՊ-ի կողմից․ Տեր Ղազար քահանա

Hraparak.am-ը գրում է․ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր Հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը իրեն կարգալույծ անելու վերաբերյալ դիմումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից քաղաքական հետապնդում է համարում «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության դեմ․

«Քաղաքական հետապնդում է ՔՊ-ի կողմից, հետապնդում են «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությանը, որը Արտաշատում դեկտեմբերի 5-ին հաղթելու է ՔՊ-ին»,- մեզ հետ զրույցում ասաց Ղազար քահանան։ Մենք գրել էինք, որ Տեր Ղազարին կարգալույծ անելու դիմումը աթոռանիստ Էջմիածին է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Դիմումի հիմքը «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղ գտած քաղաքական մի նյութ է Արտաշատի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Էջի ադմինների շարքում է նաեւ Տեր Ղազարը, սակայն նրա շրջապատից մեզ փոխանցեցին, որ նա միակ ադմինը չէ:

Նյութը ընտրություններին մասնակից ուժերից մեկի՝ «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության ավագանու անդամի քարոզչական հոլովակ է: Դիմումի հիմքն այն է, թե հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը, սակայն, որոշ տեղեկություններով, Գեւորգ եպիսկոպոսն ինքն է ներգրավված քաղաքական հարցերին եւ պատահական չէ, որ ընդամենը մի նյութի համար, եւ այն էլ առանց Տեր Ղազարից պարզաբանում պահանջելու, վերջինիս կարգալույծ անելու դիմում է ներկայացրել Մայր Աթոռ: Բանն այն է, որ Տեր Ղազարը վերջին տարիներին աչքի է ընկել ակտիվ քաղաքացիական կեցվածքով եւ երբեմն մարտնչել է գործող իշխանությունների՝ ազգային եւ հոգեւոր արժեքների դեմ որոշումների, քայլերի դեմ:

Տեր Ղազարին հարցրինք, թե ի՞նչ կապ ունի «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության հետ, կուսակցության անդա՞մ է, պատասխանեց․

«Մենք կառուցում ենք Քրիստոնեա Հայաստան։ Կուսակցության անդամ չեմ, հոգևոր խորհրդատուն եմ: Սուրբ Տրդատի Գունդն է հրապարակ իջել, պարտվելու ոչ մի տարբերակ չունի։ Դեկտեմբերի 5-ին ՔՊ դավաճանական խունտան պիտի պարտվի Արտաշատում»,- պատասխանեց հոգևորականը։

Մենք Մայր Աթոռից փորձեցինք նաև ճշտել, թե ի՞նչ հիմքով են հոգևորականին պատրաստվում կարգալույծ անել, արդյոք քաղաքական պրոցեսներին խառնվելը դրա համար բավարար պատճա՞ռ է՝ հաշվի առնելով, որ եկեղեցականն էլ է շարքային քաղաքացի, և Մայր Աթոռի տարբեր հոգևորականներ տարբեր ժամանակներում քաղաքական հայտարարություններ են արել, նույնիսկ Վեհափառ Հայրապետն է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչո՞ւ են հենց շարքային հոգևորականին կարգալույծ անում, սակայն Մայր Աթոռի լրատվական կառույցի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը վստահեցրեց, որ Տեր Ղազարին կարգալույծ անելու հարց չկա, դա սուտ է․

«Այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,- պատասխանեց Տեր Եսային։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Տեր Ղազարին կարգալույծ անելու հարց չի՞ ներկայացրել՝ հարցրինք եկեղեցականին․ «Նման բան գոյություն չունի, դա կեղծ ինֆորմացիա է»,- պատասխանեց Տեր Եսային։

Տեր Եսայու հերքումից հետո մեր ձեռքի տակ հայտնվեց նաև Գևորգ եպիսկոպոսի նամակը՝ ուղղված Տեր Ղազարին, որում նա հստակ ասում է, որ վերջինիս կարգալույծ անելու հարցով դիմել է Մայր Աթոռ․

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում