Սա բացարձակ ռեկորդ է 3-րդ Հանրապետության ընթացքում. Փաշինյան (Տեսանյութ)

Սա բացարձակ ռեկորդ է 3-րդ Հանրապետության ընթացքում. Փաշինյան (Տեսանյութ)

2021-ի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 659 471 աշխատատեղ, ինչը կրկին բացարձակ ռեկորդ է Երրորդ հանրապետության պատմության ընթացքում: Այս մասին, այսօր՝ փետրվար 3-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն Հայաստանում երբեք այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, ինչքան 2021-ի դեկտեմբերին: 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021-ին աշխատատեղերը ավելի են 37 հազար 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 հազար 758-ով, 2018-ի համեմատ՝ 70 հազար 977-ով», — ասաց նա՝ վստահեցնելով, թե որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող:

Փաշինյանի խոսքով՝ եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին հատ-հատ անուն-ազգանունով կարող են նույնականացնել:

Նիկոլ Փաշինյանը կարևոր արձանագրում արեց. «Էական աճ է արձանագրել նաև միջին ամսական աշխատավարձը. 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 հազար 661 դրամ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով, 2019-ի համեմատ ավելի է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, 2018-ի համեմատ ավելի է 54 հազար դրամով կամ 24,6 տոկոսով:

2021 թվականի ընթացքում Հայաստանում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ, ինչը 2020-ի համեմատ ավելի է 15,7 միլիարդ դամով կամ 13 տոկոսով:

Ցածր վարձրատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով, խոսքը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է», — նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ անգամ կորոնավիրուսի ու պատերազմի ցնցումների պայմաններում միջին անվանական աշխատավարձի շարունակական աճ է արձանագրվել մոտ 55 հազար դրամի չափով. «Բայց, ցավոք, պիտի ընդգծեմ, որ մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021-ի ընթացքում մենք ունեցել ենք էական գնաճ, որը կազմում է 2021-ի դեկտեմբերին, 2020-ի համեմատ, 7,7 տոկոս. սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեում», — ասաց ՀՀ վարչապետը:

Նա ասաց, թե եթե իրենց հաջողվի ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, ապա բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կլինի:

Փաշինյանի խոսքով՝ 2021-ի նախնական արդյունքներով՝ 5,8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որը ավելին է, քան ի սկզբանե պլանավորվում էր: